Լևոն Թոքմաջյանը ճիշտ չի համարում Նժդեհի արձանը ոչ թե իր անվան հրապարակում, այլ նոր այգում տեղադրելը
Ըստ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի` ճիշտ չէ, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը, իսկ նույն Նժդեհի արձանը նախատեսվում է 2016թ. կանգնեցնել Պատկերասրահի հետևի մասում՝ «Հանրապետություն» փողոցի կից այգում: Միևնույն ժամանակ վերջինս նշեց, որ Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական գեղարվեստական խորհուրդը ավելի շատ ուշադրություն է դարձնում բուն քանդակին, քան նրա տեղին:
«Մենք գնացել ենք, նայել ենք գիպսե տարբերակը, որոշակի շտկումներ ենք ասել՝ Գագիկ Ստեփանյանը անի, բայց մեր քանդակագործներից որևէ մեկը խնդիր չի տեսել այս հարցում: Ես էլ առանձնապես խնդիր չեմ տեսնում: Չգիտեմ, երևի այս հարցը պայմանավորված է նրանով, որ Հանրապետություն փողոցի մոտ է լինելու, իսկ Նժդեհը «Հանրապետական» կուսակցության գաղափարախոսության հիմքն է հանդիսանում»,-բացատրեց նա:
Միաժամանակ, Լևոն Թոքմաջյանը նկատեց, որ այսօր եթե Գարեգին Նժդեհի հրապարակում որևէ մեկին հարցնես, թե ում արձանն է կանգնեցված, ապա բոլորը կասեն՝ Նժդեհի:
«Այդ հրապարակը Սովետական միության ժամանակ կոչվում էր Սպանդարյանի անվան, սակայն անկախության տարիների սկզբին այն վերանվանվեց Նժդեհի անունով, իսկ արձանը չտեղափոխվեց։ Իհարկե, այստեղ խնդիր կա, բայց մենք իսկապես ուշադրություն չենք դարձրել նաև այն պատճառով, որ մենք այս հարցում ոչինչ անել չենք կարող, այդպես է որոշվել»,-ասաց նա:
Թոքմաջյանը թեև նշեց, որ բուն քանդակը լավ գործ է, բայց նկատեց, որ նախնական տեսքից տարբերվում է, քանի որ նախատեսվում էր Նժդեհի ձեռքին սուր քանդակել, բայց որոշվել է այն հանել և հիմա քանդակագործը փորձում է այդ ձեռքերին լուծում տալ:
«Մի տեսակ հիմա դատարկ են ձեռքերը, և քանդակագործը մեկը ծալել է մյուսը առաջ ուղղել, մի տեսակ դերասանական է ստացվել, ես նրան հորդորեցի մի քիչ փոխել ու դինամիկա մտցնել: Իհարկե, ամեն քանդակագործ իր պատկերացումն ունի, և ես Նժդեհին պատկերացնում էի սարից իջնելուց, շարժի մեջ, չէ՞ որ նա Զանգեզուրը պահեց, հողի համար կռվող կերպար է նա, ոչ միայն փիլիսոփա»,-ասաց նա:
Հարցին, թե ով է որոշել, որ պետք է թուրը հանվի, եթե քանդակը հենց այդ տեսքով է մրցույթը շահել, պատասխանեց, թե հնարավոր է «վերևներից»:










