11 քիչ հայտնի փաստ Նիկոլայ 2-րդի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

17:10 • 03.11.14

Վերջին ռուս կայսր Նիկոլայ 2-րդը գահ է բարձրացել 120 տարի առաջ՝ 1894թ. նոյեմբերի 2-ին։ Ցարի մասին հիմնականում հիշում են դպրոցական դասագրքերից. նա դաժան էր, թույլ, եղել է կնոջ ազդեցության տակ, հիմնել է Դուման, ցրել է Դուման, անցկացրել է Ռուսաստանի բնակչության առաջին մարդահամարը և գնդակահարվել է Եկատերինբուրգի մոտակայքում, գրում է Комсомольская правда-ն։

 

Մի խոսքով՝ ցարի կերպարն այնպիսին է ստացվում, որ ցանկացած դպրոցական վստահ է. Նիկոլայ 2-րդը բոլոր ժամանակների գրեթե ամենաամոթալի ռուս ցարն է։ Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլայի և նրա ընտանիքի մասին մնացել են ամենաշատ փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու օրագրերը։ Պահպանվել են նույնիսկ նրա ձայնի ձայնագրությունները։ Սակայն կան փաստեր, որոնք անհայտ են կամ քիչ հայտնի՝

 

1. Նիկոլայը գահն ընդունել է Ղրիմում։ Այնտեղ Լիվադիայում՝ Յալթայի մոտակայքում գտնվող ցարական կալվածքում, մահացել է նրա հայրը՝ Ալեքսանդր 3-րդը։

 

2. Նա հենց Յալթա է ցանկացել տեղափոխել մայրաքաղաքը ոչ սիրելի Պետերբուրգից. ծով, նավահանգիստ, առևտուր, եվրոպական սահմանների մոտ լինելը: Սակայն այդպես էլ չի համարձակվել։


3. Նիկոլայ 2-րդը գահը քիչ էր մնում փոխանցեր ավագ դստերը՝ Օլգային։ 1900-ին նա հիվանդանում է տիֆով։ Ըստ օրենքի՝ գահը փոխանցվում էր միայն տղամարդկանց գծով, սակայն այս դեպքում խոսքն Օլգայի մասին էր, ով այդ ժամանակ 5 տարեկան էր։

 

4. Հազվադեպ են խոսում, որ Նիկոլայ 2-րդը դարձել է առաջին գլոբալ խաղաղապահը։ 1898-ին նրա հրամանով հրապարակվում է նոտա սպառազինության համընդհանուր սահմանափակման մասին և մշակվում միջազգային խաղաղ գիտաժողովի ծրագիրը։ Այն անցկացվում է հաջորդ տարի մայիսին Հաագայում, մասնակցում է 20 եվրոպական, 4 ասիական, 2 ամերիկյան պետություն։

 

5. Հենց Նիկոլայն է ավարտին հասցնում սիբիրյան երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Այն մինչ օրս գլխավոր երակն է, որը կապում է երկիրը, սակայն ընդունված չէ համարել, որ դա ցարի ձեռքբերումն է։

 

6. Նիկոլայը չափազանց շատ նման էր իր եղբորը՝ Անգլիայի ապագա թագավոր Գեորգ 5-րդին։ Նրանց մայրերը քույրեր էին։ Եղբայրներին շփոթում էին նույնիսկ բարեկամները։

 

7. Նիկոլայ 2-րդը դաստիարակում էր որդեգրված տղայի և աղջկա։ Ավելի ճիշտ, իր հորեղբոր երեխաներին՝ Դմիտրիին և Մարիային։ Նրանց մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, հայրը շուտով կրկին ամուսնացել է, և երկու փոքրիկ իշխաններին մեծացրել է անձամբ Նիկոլայը։

 

8.  Ռազմամթերքն անձամբ է փորձել։ Ստուգելով բանակային մատակարարներին՝ նա կրել է շարքային զինվորի հագուստ և զենք, և այդ տեսքով քայլել 14 կմ տապի ժամանակ։


9. Բոլոր գինիներից ամենաշատը նա սիրում էր ղրիմյան պորտվեյն։ Եվ ծխում էր մեկը մյուսի ետևից։

 


10. Տանել չէր կարողանում կանանց երգը։ Փախչում էր, երբ կինը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան, կամ դուստրերից որևէ մեկը նստում էր ռոյալի դիմաց և ռոմանսներ երգում։

 

11. Նիկոլայը շատ էր կարդում, հատկապես՝ ժամանակակիցներին։ Ամենից շատ սիրում էր Ավերչենկո։


 

11 քիչ հայտնի փաստ Նիկոլայ 2-րդի մասին (լուսանկարներ, տեսանյութ)