Գիտնականները սարքին հագցրել են պինգվինի ձագի կոստյում՝ այդ կենդանիների վարքագիծը մոտիկից դիտարկելու համար (լուսանկարներ)
Ֆրանսիացի գիտնականներն Անտարկտիդայում թագավորական պինգվինների վարքագծի և ընդհանուր վիճակի ուսումնասիրման յուրօրինակ ձև են գտել։ Որպեսզի կենդանիները «չխրտնեն» իրենց շրջակայքում մարդու հայտնվելուց, ուսումնասիրողները որոշել են օգտագործել հեռակառավարվող անիվներով ռոբոտ, գրում է wired.com-ը։
Որպեսզի պինգվինները թույլ տան սարքն իրենց մեջ ազատ շրջի, դրան հագցրել են պինգվինի ձագի կոստյում։ Ինչպես նշվում է՝ գիտնականների ընտրած նոր ռազմավարությունը տվել է իր արդյունքները։
Նախկինում մարդու հայտնվելուց կենդանիների սրտխփոցը հաճախակիանում էր, և նրանք փորձում էին հեռանալ մարդկանցից, իսկ գիտնականները ստիպված տասնյակ մետր հեռվից էին կատարում իրենց դիտարկումները։
Կենդանիներն ընդունել են «պինգվինին» որպես իրենց ընտանիքի անդամ և այդպես էլ ռոբոտին վերաբերվում են։ Գիտնականները պլանավորում են ձայնային հնարավորությամբ համալրել այն, որպեսզի սարքը պատասխանի պինգվինների ձայներին։












