Լեհաստանի իշխանությունները քննադատել են ԱՄՆ-ին՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկուն ձերբակալելու փորձի համար
Լեհաստանի նախագահի խորհրդականը քննադատել է ԱՄՆ-ի ցանկությունը՝ ձերբակալել աշխարհահռչակ ռեժիսոր Ռոման Պոլանսկուն Լեհաստանի հրեաների պատմության թանգարանի նոր մշտական ցուցադրության բացման ժամանակ, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CTV News-ին:
«Բացարձակ աննպատակահարմար է ձերբակալել «հոլոքոստի զավակին» թանգարանի բացման ժամանակ, որտեղ ընդգծվում է Լեհաստանի դերը որպես անվտանգ ապաստան հրեաների համար հոլոքոստի իրադարձություններին նախորդող տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու խորհրդական Տոմաշ Նալեչը:
ԱՄՆ-ում Պոլանսկին մեղադրվում է 1977 թվականին անչափահաս աղջկա բռնաբարության համար: Այնուամենայնիվ, Լեհաստանում Պոլանսկու ձերբակալությունը հնարավոր չէ հանցագործության վաղեմության ժամկետի լրանալու պատճառով և նաև այն պատճառով, որ հանցագործությունը չի ենթարկվում հետապնդման Լեհաստանում:
Թանգարանի բացումը կայացել է հոկտեմբերի 28-ին Վարշավայում: ԱՄՆ-ի խնդրանքով լեհական իշխանությունները հարցաքննել են Պոլանսկուն, բայց հրաժարվել են ձերբակալել նրան: Այնուհետ ռեժիսորը մեկնել է իր հայրենի Կրակով քաղաք: Ներկայում 81-ամյա Պոլանսկին ապրում է Ֆրանսիայում:










