«Մանկական Եվրատեսիլ 2014» մրցույթի Հայաստանի մասնակից Բեթթին երազում է հաղթել

13:54 • 04.11.14

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Բեթթիի երազանք էր մասնակցել այս մրցույթին, իսկ այժմ փոքրիկը երազում է հաղթել մրցույթում, որպեսզի 2015թ. այն անցկացվի Հայաստանում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Բեթթին նշեց, որ Մալթա է մեկնելու իր արջուկ խաղալիքի հետ, քանի որ յուրաքանչյուր ճամփորդության մեկնում է հենց այդ արջուկի հետ:


«Ես մի երեխա եմ, որի անունն է Էլիզաբեթ Դանիելյան, ես ոչնչով չեմ տարբերվում ուրիշներից, ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես բոլորը, ու ինձ հետ վերաբերվեն այնպես ինչպես բոլորի հետ: Սա երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան մրցույթին, բայց նախորդ տարի խմբի հետ էի մասնակցում: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ հենց ես ընտրվեցի, որովհետև մյուս մասնակիցները բոլորն էլ իմ ընկերն էին, ուժեղ երգեր ունեին ու շատ աշխատասեր են»,-ասաց նա:


Նշենք, որ Մալթայում Բեթթին կներկայացնի «Արևի մարդիկ» երգը:


Ինչպես նշեց «Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցույթն այս տարի անցկացվում է «Միասին» խորագրի ներքո, և իրենք նոյեմբերին միասին կմեկնեն Մալթա՝ վերջնականապես պատրաստվելու մրցույթին:


«Այս տարի մեր մասնակցի տեսահոլովակը ընդամենը մի քանի օրում դիտվել է ավելի քան 56 հազար անգամ: Նախորդ տարիների հետ համեմատած, կարելի է ասել, որ սա շատ լավ արդյունք է, և այս թիվը դեռ կաճի, վստահ եմ, որ հաջողություն ենք ունենալու»,-ասաց նա:


Նշենք, որ Բեթթիից բացի բեմում լինելու են ևս հինգ երեխաներ, որոնցից երեք տղաները ակրոբատներ են, իսկ երկու աղջիկները՝ պարուհիներ: Հայաստանյան պատվիրակությունը խոստանում է գեղեցիկ ու տպավորիչ շոու, իսկ Բեթթին՝ լավ ելույթ ունենալ և ուրախացնել բոլորին:

 

«Մանկական Եվրատեսիլ 2014» մրցույթի Հայաստանի մասնակից Բեթթին երազում է հաղթել