Քրիստիան Բեյլը հրաժարվել է Սթիվ Ջոբսի դերից
Հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլը հրաժարվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի դերից՝ Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա հիմնված ֆիլմում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Նման որոշման պաշտոնական պատճառը չի նշվում, սակայն դերասանի շրջապատից պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Բեյլը «հակասական զգացողություններ է ունեցել, և երկար մտորումներից հետո որոշել է հրաժարվել դերից»:
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2015 թվականի գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, սցենարը գրել է Աարոն Սորկինը: Հայտնի է, որ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերը խաղալու է Սեթ Ռոգենը:
Ի սկզբանե Ջոբսի մասին ֆիլմը պետք է նկարահաներ Դևիդ Ֆինչերը՝ «Սոցիալական ցանցի» ռեժիսորը, սակայն ավելի ուշ նրա հետ բանակցությունները դադարեցվել են չարդարացված բարձր հոնորարի պատճառով, որը խնդրել է Ֆինչերը:
Ֆիլմում գլխավոր դերը առաջարկվել է նաև Լեոնարդո Դի Կապրիոյին, ով սակայն հրաժարվել է նկարահանվել:










