Ներկայացվել են Թոմաս Մանի՝ նախկինում անհայտ նամակները
Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի համալսարանը ներկայացրել է գերմանացի հայտնի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանի և նրա ընտանիքի անդամների՝ նախկինում չհրապարակված նամակները, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես հայտնում են համալսարանական գրադարանից, Թոմաս Մանի նամակները համալսարանին է նվիրել Յոնաս գերմանա-ամերիկյան ամուսնական զույգը։ Նամակները 71-ն են։ Դրանք ուղարկվել են Կլաուս և Իլսեդորա Յոնասներին 1949-1991թթ. ընթացքում՝ Մանի, նրա կնոջ և որդու կողմից։
Նամակներում հիմնականում խոսքը Կլաուս Յոնասի մատենագիտական աշխատանքների մասին է, որոնց գիտական նյութը եղել է Թոմաս Մանի և նրա որդու գրական գործունեությունը։ Բացի այդ, նամակներն այդ երկու ընտանիքների երկարատև բարեկամության ժամանակագրությունն են։
Նամակները հրապարակվել են «Թոմաս Մանի ընտանիքի 3 սերունդները» գրքում, որի շնորհանդեսը կայացել է Աուգսբուրգի համալսարանում։










