2014թ-ին Երևանի բազմաթիվ պատմամշակութային շինություններ կամ քանդվել են, կամ կանգնել են նման խնդրի առաջ. Մկրտիչ Մինասյան

12:11 • 05.11.14

2014թ-ի ընթացքում Երևանի բազմաթիվ պատմամշակութային շինություններ կամ քանդվել են, կամ կանգնել են նան խնդրի առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Մշակույթի նախարարությունը պետք է հետևի բոլոր այն շինություններին, որոնց ընդգրկված են պետության կողմից պահպանվող շինությունների ցանկում:


«Փաստորեն այս տարի մենք կորցրին Աճառյանի դպրոցը, որպեսզի այնտեղ կառուցվի ՀԱՊԿ-ի ակադեմիան: Նա ընդգրկված էր պետության կողմից պահպանվող շինությունների ցանկում, բայց մենք կորցրինք մի կարևոր շենք, որը կրթօջախ էր և որտեղ սովորել են մեզ համար նշանակալի մարդիկ: Նման անփույթ վերաբերմունք չի կարելի ցուցաբերել: Սրանով մարդ կարծես իր կյանքի որոշ ժամանակահատվածներից կտորներ հանի ու վերացնի: Հուսով ենք, որ գոնե շենքի ֆասադային հատվածը կվերականգնվի, գոնե մեզ դա խոստացել են»,-ասաց նա:


Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իրենք պատրաստվում են գրավոր դիմել Մշակույթի նախարարությանը՝ պահանջելով իր ցանկերում ներառել ամառային կինոթատրոնը «Հանրապետության» և «Երիտասարդական» մետրոյի կայարանները, որպեսզի հետագայում թույլ չտրվի դրանք խեղել:


Ճարտարապետը նաև անընդունելի համարեց այն, որ այսօր 60-ական թվականների շենքերի տանիքներին կամ ձեղնահարկեր են կառուցվում, կամ շինություններ կցվում:


«Օրինակ՝ նայեք Բաղրամյան 1 հասցեն, ամբողջ շենքը կորցրել է իր նախկին տեսքը, ամբողջը խեղվել է ձեղնահարկերի պատճառով, բայց դրանք նաև հավելյալ ծանրացնում են շենքերը, և բարձրացնում վթարայնությունը, դա անընդունելի է»,- ասաց նա:


Ճարտարապետը նշեց, որ մինչ օրս, եթե որևէ մեկը պատժված լիներ հին շինություն քանդելու կամ դրանց որևէ բան կցելու համար, ապա այսօր Հայաստանում ավելի լավ վիճակ կլիներ:


 

2014թ-ին Երևանի բազմաթիվ պատմամշակութային շինություններ կամ քանդվել են, կամ կանգնել են նման խնդրի առաջ. Մկրտիչ Մինասյան