Այսօր «Քամուց քշվածների» աստղը կդառնար 101 տարեկան. 10 փաստ Վիվիեն Լիի մասին՝ լուսանկարներով

13:56 • 05.11.14

1913-ի այս օրը՝ նոյեմբերի 5-ին, ծնվել է բրիտանացի նշանավոր դերասանուհի Վիվիեն Լին, ով հայ հանդիսատեսին ավելի շատ հայտնի է «Քամուց քշվածները» լեգենդար ֆիլմից՝ Սքարլեթ Օ՛Հարայի դերակատարումով:

 

Elle նորաձևության հանդեսի ռուսական հրատարակությունը տասը փաստ է հրապարակել Լիի մասին, որին անվանում է «պատմության ամենատաղանդավոր դերասանուհիներից»:

 

1. Ըստ լեգենդի՝ Լիի մայրը՝ հնդկական բանակի բրիտանացի սպայի կինը, հղի ժամանակ ամեն օր նայում էր Հիմալայներին՝ հույսով, որ լեռների գեղեցկությունը կփոխանցվի իր երեխային: Վիվիեն Լին՝ ծնյալ Վիվիեն Հարթլի, համարվում է Հոլիվուդի ոսկեդարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

 

2. Լոնդոնում նա սովորել է կաթոլիկ մենաստանում:

 

3. Հենց դպրոցում իր ամենամոտ ընկերուհուն՝ Մորին Օ՛Սալիվանին, Վիվիենը պատմել է իր նվիրական երազանքի մասին՝ դառնալ մեծ դերասանուհի:

 

4. Հարթլիի Լի կեղծանունն իր առաջին ամուսնու ազգանունն է:

 

5. 1938-ին նա Հոլիվուդում այցելեց իր սիրեկան Լոուրենս Օլիվյեին: Հենց այդ ժամանակ նրան նկատեցին Սելզնիկ եղբայրները, որոնք «Քամուց քշվածների» էկրանավորման համար դերակատարուհի էին փնտրում: Լին ընտրվեց մեկուկես հազար հավակնորդուհիներից: Այդ դերը նրան դարձրեց Հոլիվուդի աստղ:

 

6. Լին ու Օլիվյեն ամուսնացել են 1940-ին, ամուսինների կարգավիճակում ապրել քսան տարի, սակայն աչքի ընկել ամուսնական անհավատարմությամբ: Անգամ բաժանումից հետո Լին իր ննջարանում պահում էր Օլիվյեի լուսանկարը:

 

7. Լին տառապել է երկբևեռ խանգարումից:

 

8. 1950-ին դեպրեսիայից և տուբերկուլյոզից տառապող Լին կատարել է մեկ այլ մեծ դեր կինոյում՝ «Ցանկություն» տրամվայ» ֆիլմում: Նրա խաղընկեր լեգենդար Մառլոն Բրանդոն ասել է, որ Լիի հետ չի «եղել» միայն Օլիվյեի հանդեպ հարգանքից:

 

9. Երկու նշանավոր դերերի համար էլ Լին արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Մեկը 1993-ին վաճառվել է 563 հազար դոլարով: Իսկ մյուս արձանիկը Լին օգտագործել է որպես «դռնակ»՝ լոգարանի դուռը բաց պահելու համար:

 

10. Չնայած կինոյի լեգենդի կարգավիճակին՝ Լին ընդամենը քսան դեր է կատարել կինոյում: Նա հիմնականում զբաղված է եղել թատրոնում, ընդհուպ մինչև մահը:

Вивьен Ли

Вивьен Ли

 


 

Այսօր «Քամուց քշվածների» աստղը կդառնար 101 տարեկան. 10 փաստ Վիվիեն Լիի մասին՝ լուսանկարներով