Վան Գոգի կտավն աճուրդում վաճառվել է 61.8 մլն դոլարով
Sotheby’s աճուրդում Վինսենթ Վան Գոգի «Նատյուրմորտ. երիցուկներով և կակաչներով ծաղկամանը» կտավը վաճառվել է 61.8 մլն դոլարով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կտավը դարձել է կենտրոնական նմուշներից մեկն իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստին նվիրված աճուրդում։ Նախնական արժեքը եղել է 30-50 մլն դոլար։
Վան Գոգն այս կտավի վրա աշխատել է 1890թ. հունիսին՝ Փարիզի մոտակայքում գտնվող Օվեր սյուր Ուազ քաղաքում, իր բժիշկ ընկեր Պոլ Գաշեի տանը, ով այդ ժամանակ հետևել է նկարչի առողջությանը։
«Այս կտավը ստեղծվել է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում՝ Վան Գոգի ողբերգական մահից առաջ, և փոխանցում է բարդ զգացմունքային վիճակը, որում նա այդ ժամանակ գտնվել է»,- նշել է աճուրդի տան ներկայացուցիչը։
Նկարիչն այդ ժամանակ լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել, ենթադրաբար՝ կտավը նա տվել է Գաշեին՝ բուժծառայությունների դիմաց։










