Հնագետները հայտնաբերել են Մակեդոնացու ժամանակաշրջանի ազնվականի կմախք (լուսանկարներ)
Հունաստանի հյուսիսում՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի դամբարանում հնագետները կմախք են հայտնաբերել, գրում է Обозреватель-ը։
Երկրի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ լավ պահպանված կմախքն ազնվական դասի ներկայացուցչի է պատկանում. այդ են վկայում դամբարանի մեծությունն ու շքեղությունը։
Հունաստանի գլխավոր հնագետ Կատերինա Պերիստերը նշել է, որ հուղարկավորվածը տղամարդ է, հավանաբար՝ զինվորական հրամանատար։
«Սա շատ թանկարժեք կառույց է, ոչ մի անհատ քաղաքացի չէր կարող դա իրեն թույլ տալ։ Ամենայն հավանականությամբ, սա մահկանացուի գերեզման է, ում երկրպագել են իր ժամանակակիցները»,- հայտնել է մշակույթի նախարարությունը։
Փորձագետները չեն բացառում նաև, որ խոսքն Ալեքսանդր Մակեդոնացու ընտանիքի անդամներից կամ նրա մտերիմներից մեկի մասին է։ Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ դարի վերջ, երբ Ամֆիպոլիս քաղաքը եղել է Մակեդոնական թագավորության կարևոր կենտրոն։


















