Ռոմեոյի և Ջուլիետի քաղաքում սիրահարների թանգարան կբացվի
Ռոմեոյի և Ջուլիետի քաղաքը պատրաստվում է թանգարանային համալիրի կառուցմանը, որը նվիրված կլինի բոլոր սիրահարներին, գրում է rosbalt.ru-ն։
Նախագծային առաջարկը Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզիին է ներկայացրել գրող Ֆեդերիկո Մոչիան, ով հայտնի սիրային վեպերի հեղինակ է, ինչպես, օրինակ, «Երեք մետր երկնքից վերև» և «Ներիր սիրո համար»։
Տոզին նախագիծն անվանել է «շատ հետաքրքիր» և նշել, որ քաղաքային խորհուրդն արդեն քննարկում է գրողի հետ համագործակցությունը, ով «նախագծի դիզայներն է և այդ թեմայով հայտնի վեպերի հեղինակ»։
«Սերը զգացմունք է, որը շարժում է աշխարհը, այն նաև մեր քաղաքի գլխավոր թեմաներից մեկն է, որը հայտնի է և յուրաքանչյուր տարի միլիոնավոր այցելուներ է ունենում»,- նշել է քաղաքապետը։
Նախատեսվում է թանգարանը բացել անմիջապես Վերոնայի կենտրոնում։ Համալիրը կներկայացնի սիրո տարբեր դրսևորումներ՝ սիրային նամակների, լուսանկարների և նկարների միջոցով, մարդկանց սիրո պատմությունները բացահայտելու համար։ Այն կդառնա նաև նախաձեռնությունների, միջոցառումների և իրադարձությունների կենտրոն։










