Համացանցում են հայտնվել հաջորդ սերնդի Bugatti Veyron-ի լուսանկարները
Worldcarfans պարբերականը հրապարակել է հաջորդ սերնդի Bugatti Veyron-ի նախատիպի գաղտնազերծված լուսանկարները։
Ինչպես գրում է Motor.ru-ն` Bugatti Veyron-ին հաջորդող մոդելը, որը համալրված է հիբրիդային ուժային համակարգով, կստանա Chiron անվանումը` ավտոմրցարշավորդ Լուի Շիրոնի պատվին, ով անցյալ դարի 20-ականներին ելույթ էր ունենում Bugatti-ի գործարանային թիմի անունից: Ներկա պահին ավտոարտադրողը 5 նոր հիպերքար է փորձարկում, որոնցում տարբեր հիբրիդային ուժային համակարգեր են կիրառվում:
Ակնկալվում է, որ Bugatti Chiron-ի ուժային համակարգի հզորությունը կկազմի 1500 ձիաուժ: Դրա կազմում կներառվի ներկայիս 16 մխոցային 8 լիտր ծավալով ագրեգատի նորացված տարբերակը: Մեքենան կպահպանի նաև լիաքարշակ համակարգն ու ռոբոտացված փոխանցման տուփը:
Նորույթի առավելագույն արագությունը կկազմի 460 կմ/ժամ, իսկ ներկայիս Veyron-ինը 430 կմ/ժամ է: Chiron-ի պրեմիերան կկայանա 2016-ին:




















