Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում. Թատրոնի միջազգային ինստիտուտը նախընտրել է Հայաստան գալ, ոչ թե Ադրբեջան

13:09 • 17.11.14

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը՝ «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Այսօր մամուլի ասուլիսին կոնգրեսի մասին խոսեցին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը (Բանգլադեշ), Թատրոնի միջազգային ինստիտուտի փոխնախագահներ` Ալի Մահդի Նուրին (Սուդան) ու Ան Մարի Էնգելը (Շվեդիա) և Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն:


Արթուր Պողոսյանը հայտնեց, որ երկու տարին մեկ անգամ է տեղի ունենում այս կոնգրեսը և 300 ներկայացուցիչ ժամանելու է Հայաստան: Նա նշեց, որ մասնակիցների հնչեցրած առաջարկները նախարարության համար կդառնան քաղաքականություն իրականացնելու բաղադրիչ: «Մենք մշակութային, թատերական քաղաքականության մեջ փորձում ենք միջազգային զարգացումները ներառել»,- ասաց նա:


Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այստեղ հյուրերը մեր թատրոնին ծանոթանալու, ներկայացումներ դիտելու, ինչպես նաև ստեղծագործական կամուրջներ հիմնելու հնարավորություն կունենան: «Կոնգրեսին ժամանելու են տարբեր հյուրեր և հնարավորություն կա, որ մեր թատերական գործիչները կապեր ստեղծեն ու համագործակցեն նրանց հետ»,- ասաց նա:


Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Թոբիաս Բիանկոնեն նշեց, որ մոտակա վեց օրերին Երևանը կլինի թատերական մայրաքաղաք: Նա հայտնեց, որ իրենց կազմակերպությունը հիմնադրվել է 66 տարի առաջ և նպատակ է հետապնդում խաղաղություն տարածել ամբողջ աշխարհում՝ թատրոնի միջոցով:


Թոբիաս Բիանկոնեն նշեց, որ իր համար մեծ եջանկություն է լինել Հայաստանում, և այստեղ իրենք արժանացել են լավ հյուրընկալության, գտել են ընկերներ: Նա նշեց,որ թեև նախատեսված էր այցելություն Ադրբեջան, սակայն կազմակերպության գլխավոր խորհուրդը որոշել է այցելել Հայաստան, և այդ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում կա խոսքի ազատություն, թատրոնի մեծ սիրտ: «Մեզ սկզբում Մշակույթի նախարարությունից ասացին, որ կարող ենք ասել այն ամենը, ինչ կցանկանանք»,- հայտնեց նա:

Նա նշեց, որ Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, իսկ Հայաստանում մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: «Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում»,- ասաց նա:


 

Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում. Թատրոնի միջազգային ինստիտուտը նախընտրել է Հայաստան գալ, ոչ թե Ադրբեջան