Տնտեսագիտությանը ԳԱԱ-ում թղթակից անդամի և ակադեմիկոսի տեղ չի տրվել. կան բողոքներ

20:39 • 18.11.14

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մտահոգություն է հայտնում, որ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների և ակադեմիկոսների մեջ այս տարի տնտեսագիտությանը որևէ տեղ չկա տրված: Մեխանիկա բնագավառում նույնպես տեղեր չեն հատկացվել:


«Պետք է փաստել, որ որպես գիտություն, որպես մասնագիտություն՝ առաջին անգամ չի ներառվել»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, թե կուզենար դրդապատճառները հասկանալ, որովհետև դա որևէ կերպ չի բացատրվում:

 

Tert.am-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է այդպես եղել, ասաց հետևյալը. «Կառավարությունը սահմանափակ տեղեր է տվել, ո´չ միայն տնտեսագիտությանը, այլ նաև՝ փիլիսոփայությանը, մեխանիկային տեղեր չեն հատկացվել: Նրանք ևս բողոքում են: Պատմությանն էլ տեղ չկա տրված, կա հնագիտություն, արևելագիտություն, բայց պատմությանը տեղ չի տրվել»:

 

ԳԱԱ քարտուղարն ասաց, թե բաժանմունքներն առաջարկներ են արել, իսկ տեղերը Կառավարությունը դեռ տարիներ առաջ որոշել է, որ պետք է 138-ից ավելի չլինի:


Վլադիմիր Բարխուդարյանն ասաց, թե չնայած բողոքներ կան, բայց ոչինչ չեն կարող անել, քանի որ Կառավարությունն արդեն տեղերը հաստատել է, և հայտարարությունը տրված է:

 

 

Տնտեսագիտությանը ԳԱԱ-ում թղթակից անդամի և ակադեմիկոսի տեղ չի տրվել. կան բողոքներ