Մեկնարկեց «Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը

14:16 • 18.11.14

Երևանյան միջազգային «Ոսկե ծիրան», webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ -հեռուստատեսության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ այսօր մեկնարկեց «Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը:


Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այդ իրադարձությունը խթան է, որ հատկապես երիտասարդները կինո ստեղծեն:

«Ուսանողները, երիտասարդները չեն կարողանում տեխնիկա գտնել ֆիլմեր նկարահանելու համար, երիտասարդական ծրագրեր չկան, իսկ ֆինանսներ գտնելը դժվար է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ շեշտելով, որ ծրագրի նպատակն է, որ երիտասարդներին խրախուսեն ֆիլմեր նկարահանել:


Նշենք, որ «Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը սահմանել է մեկ գլխավոր և երկու խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիր ֆիլմը կպարգևատրվի 400 հազար դրամով և հատուկ դիպլոմով: Խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները, ինչպես նաև գլխավոր մրցանակի դափնեկիրը հնարավորություն կստանան 10 օր անվճար օգտվել պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմն էլ կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի:


«Փառատոնը հիմնականում հայ երիտասարդների համար է, ցանկանում ենք օգնել նրանց: Ցանկացած մարդ կարող է մասնակցել փառատոնին և ֆիլմ նկարահանել»,- ասաց Հարություն Խաչատրյանը:


«Web Ծիրան» փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ: Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումների: Դրանք անհրաժեշտ է ներկայացնել DVD տարբերակով՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:


Փառատոնը կանցկացվի 2014 թվականի նոյեմբերի 18-ից 2015 թվականի փետրվարի 25-ը: Փառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանվել ցանկացած տեխնիկայի միջոցով: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015 թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում:

 

 


 

Մեկնարկեց «Web ծիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը