ԱՄՆ-ում և Կանադայում սպիտակ արջերի թվաքանակի կրճատման պատճառը սովն է. գիտնականներ

11:40 • 18.11.14

Հյուսիսային Ամերիկայում սպիտակ արջերի թիվն այս դարի առաջին տասնամյակի ընթացքում կլիմայի գլոբալ տաքացման պատճառով կրճատվել է գրեթե երկու անգամ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով, որը հետազոտություն է անցկացրել Կանադայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ:

 

Երկու երկրների կառավարական մասնագետները 2001-2010 թվականներին հետևել են ամերիկյան Ալյասկա նահանգի, Յուկոնի և Կանադայի հյուսիսարևմտյան տարածքների սպիտակ արջերին: Պարզվել է, որ այդ ընթացքում կենդանիների քանակը կրճատվել է՝ 1,6 հազարից հասնելով 900-ի:

 

Ինչ-որ պատճառներով, որոնք գիտնականներին չի հաջողվել բացատրել, առավել դժվար են նրանց համար եղել 2004-2007 թվականները:


«Մենք կասկածում ենք, որ նրանք սովից են սատկում»,- հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայության աշխատակից Ջեֆ Բրոմեգինը: Նրա խոսքով՝ արջերի գոյատևման միջավայրը պակաս կայուն է դառնում:

 

Գիտնականները կարծում են, որ դրանում մեղավոր է կլիմայի տաքացումը: Սառույցի ծածկի կրճատման պատճառով ամառային ամիսներին սպիտակ արջերը չեն կարողանում հասնել իրենց ավանդական որսին՝ ջրային կենդանիներին:

ԱՄՆ-ում և Կանադայում սպիտակ արջերի թվաքանակի կրճատման պատճառը սովն է. գիտնականներ