Արևմուտքը կասկածում է, որ Ռուսաստանը տիեզերք է բաց թողել «արբանյակների կործանիչ». ԶԼՄ-ներ
Արևմտյան տիեզերական գործակալությունները հետևում են ռուսական հրթիռի կողմից տիեզերք բաց թողնված օբյեկտին՝ կասկածելով, որ այն «արբանյակների կործանիչ» է, գրում է ТАСС-ը՝ հղում անելով The Financial Times թերթին:
Այդ օբյեկտը հատուկ կայքում, որտեղ կարելի է հետևել Երկրի ուղեծիր դուրս բերված արբանյակների տեղաշարժին, երևում է որպես «Օբյեկտ 2014-28E»: Այն հասցվել է տիեզերք մայիսին ռուսական հրթիռի կողմից, որը նաև ուղեծիր է հանել «Родник» կապի երեք ռազմական արբանյակ, գրում է թերթը:
Լրատվամիջոցը պնդում է, որ օբյեկտը, որը սկզբից մասնագետները շփոթել են տիեզերական աղբի հետ, ուղղորդված տեղաշարժեր է կատարում ռուսական սարքերի նկատմամբ:
«Արևմտյան տիեզերական գործակալությունները հետևում են ռուս զինվորականների արձակած խորհրդավոր օբյեկտին, որը վախ է ներշնչում արբանյակների ոչնչացման՝ Կրեմլի դադարեցրած ծրագրի վերսկսման առիթով»,- գրում է թերթը:
«Ավերելու կամ հակառակորդի կապի արբանյակների աշխատանքը խանգարելու հնարավորությունը դիտվում էր որպես ռազմական պոտենցիալի հզոր մաս «տիեզերական մրցավազքի սկզբից» ի վեր, սակայն «երկաթե վարագույրի» ընկնելուց հետո խորհրդային և ամերիկյան գիտնականների շատ գաղտնի նախագծեր աստիճանաբար մի կողմ են դրվել: Միևնույն ժամանակ վերջին տարիներին տիեզերական սպառազինությունների նկատմամբ հետաքրքրությունը վերածնվել է»,- գրում է Financial Times-ը:










