Facebook-ը, Google-ը, Apple-ը, Microsoft-ը կողմ են հատուկ ծառայությունների լրտեսման սահմանափակումների օրինագծին
ԱՄՆ-ի խոշոր համացանցային ընկերությունները Սենատից պահանջում են օրենք ընդունել, որը կսահմանափակի երկրի տարածքում հատուկ ծառայությունների՝ քաղաքացիներին հետևելու հնարավորությունները։
Facebook, Google, Microsoft, Apple, LinkedIn և Twitter ընկերությունները սենատորներին նամակ են հղել՝ պահանջելով քննարկել հարցը մինչ տարեվերջ։ Լսումները Սենատում նշանակված են նոյեմբերի 18-ին։ Օրինագիծը քվեարկության ներկայացնելու համար անհրաժեշտ է 60 ձայն, գրում է Russia Today-ը։
Նամակում նշվում է ԱՄՆ իշխանությունների հանդեպ համացանցի օգտատերերի կողմից վստահության վերականգնման, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։
«Այն պահից, ինչ մամուլում հաղորդագրություններ են հայտնվել զանգվածային գաղտնալսումների մասին, անցել է 1 տարի։ Մենք հասկանում ենք, որ պետության պարտականությունն է՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Սակայն հավասարակշռությունը շատ երկրներում թեքվում է դեպի իշխանությունների կողմը, իսկ անձի իրավունքներին քիչ ուշադրություն է հատկացվում։ Դա խափանում է ազատությունը, որը մենք այդքան գնահատում ենք, և դա պետք է փոխվի»,- ասվում է ընկերությունների նամակում։










