Facebook-ը թողարկել է խմբերում միմյանց հետ շփվելու նոր հավելված
Facebook սոցիալական ցանցը թողարկել է նոր բջջային հավելված՝ Facebook Groups, որը թույլ է տալիս տեղեկություններ կիսել առանձին խմբերի օգտատերերի հետ, գրված է Facebook-ի պաշտոնական կայքում, հայտնում է lenta.ru-ն։
Facebook-ի տվյալներով՝ մոտ 700 միլիոն օգտատերեր ամեն ամիս շփվում են իրենց ընկերների, գործընկերների և բարեկամների հետ խմբերի միջոցով։
Ի տարբերություն հանրային էջերի, որոնց օգտատերերը բաժանորդագրվում են, Facebook-ի խմբերն ավելի հաճախ աշխատում են որպես նույն հետաքրքրությունները կիսող ակումբներ։
Օգտատերերը, բացի այլ խմբերում շփումից, կարող են նաև սեփական խմբերը բացել՝ ընտրելով առկա շաբլոններից մեկը կամ մուտքագրելով իրենց սեփականը։
Հավելվածում առկա է նաև Discover ներդիրը, որտեղ օգտատիրոջը կառաջարկվեն իրեն հետաքրքրող խմբեր։











