Գերմանացի բժիշկների խորհրդատվություններ և բուժում՝ առանց Հայաստանից մեկնելու

10:09 • 20.11.14

Երևանի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հեռահար բժշկության ծրագրի միջոցով վերջին երեք տարիներին մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ հնարավորություն են ստացել օգտվել արտերկրի առաջատար մասնագետների խորհրդատվություններից: Այս մասին նոյեմբերի 18-ին՝ Հայաստանում հեռահար բժշկության ասոցիացիայի կազմակերպած սեմինարին ասաց «Վարդանանց» ՆԲԿ տնօրեն Հարություն Մանգոյանը, որի ղեկավարած բժշկական կենտրոնն արդեն երեք տարի է՝ համագործակցում է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի միջազգային համբավ վայելող Համալսարանական կլինիկայի հետ:


«Արդեն 54 վիդեոկոնֆերանս ենք կազմակերպել հիվանդների և Գերմանիայի առաջատար մասնագետների միջև, 11 դեպքերում ճառագայթաբանական հետազոտությունների վերաբերյալ երկրորդ կարծիքի տրամադրում ենք ապահովել, 4 հիվանդի համար կազմակերպել բուժում Գերմանիայում»,- ներկայացրեց տնօրենը:


Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետների խորհրդատվության շնորհիվ էականորեն փոխվել է 54 հիվանդից 42 բուժման և ախտորոշման ընթացքը՝ ապահովելով դրական արդյունքների ավելի մեծ հավանականություն: Բոլոր մնացած դեպքերում մարդիկ համոզվել են իրականացվող բուժման ճշգրտության և եվրոպական ստանդարտներին համապատասխանության հարցում:


«Մարդիկ հիմնականում դիմում են մեզ, երբ սպառված են լինում տեղական բժշկության ռեսուրսները կամ առկա է վստահության դեֆիցիտ նշանակված բուժման տարբերակների կամ մասնագետների հանդեպ: Առաջադեմ բժշկական մոտեցումների հասանելիությունն ու մարդկանց վստահության ապահովումն եմ համարում ամենաարժեքավոր ձեռքբերումը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանգոյանը:

Հեռահար բժշկության ծրագիրը 2005թ. Հիմնված բժշկական կենտրոնում գործում է 2011-ից.: Բժշկական կենտրոնը հեռահար բժշկության ծրագրից բացի ամբուլատոր ծառայություններ է տրամադրում՝ 50-ից ավելի բարձր որակավորված բժիշկների կազմով։

«Բոլոր այն հիվանդությունները, որոնք չեն պահանջում հոսպիտալիզացիա, դրանց ախտորոշումը և բուժումն անցկացվում է մեր Կենտրոնում: Մենք ստեղծել ենք արդի բուժսպասարկման փակ ցիկլեր, երբ մարդ, սկսած ախտորոշումից մինչև լիարժեք ապաքինում, ամեն ինչ կարողանում է անցնել մեզ մոտ: Վարդանանց ՆԲԿ-ի նորարարությունը միայն գերժամանակակից սարքավորումները չեն, մեր մեթոդաբանությունն է ուրիշ՝ ուշադրության կենտրոնում մարդն է, իր գանգանտներով, հուզող հարցերով և առողջական խնդրի լիարժեք լուծման ակնկալիքներով»,- ասաց Հարություն Մանգոյանը։

Նշենք, որ սեմինարին մասնակցում էին նաև հեռահար բժշկության ոլորտի մասնագետներ Գերմանիայից: Մասնակիցները հանդես եկան զեկույցներով՝ հեռահար բժշկության վերաբերյալ:




 

Գերմանացի բժիշկների խորհրդատվություններ և բուժում՝ առանց Հայաստանից մեկնելու