Ռուս հաքերները հետևում են բրիտանական ընտանիքներին վեբ-տեսախցիկներով. Daily Mail
Ռուս հաքերները հետևում են բրիտանական ընտանիքներին իրենց տներում տեղադրված անվտանգության վեբ-տեսախցիկների միջոցով, գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով տեղեկատվության հարցերով հանձնակատարի գրասենյակին (ICO):
Թերթի տեղեկություններով՝ մասնավոր համակարգչային ցանցերից ստացված տեսանյութը հեռարձակվում է խարդախ կայքերում: Դա թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ «հետևել» բրիտանացիներին իրական ժամանակի ռեժիմում, հավելում է թերթը:
Ռուսական կայքում, որին ծանոթացել է թերթը, կարելի է տեսնել Բրիտանիայի տարածքում գտնվող հյուրանոցներում, տների ննջարաններում, այգիներում և տան մուտքերի մոտ տեղադրված հարյուրավոր տեսախցիկներից ձայնագրություններ: Բացի այդ, այդ պորտալում իբր պահվում են տեսանյութեր բրիտանական գրասենյակներից, խանութներից, մարզասրահներից, փաբերից և այլ հաստատություններից: Ինչպես նշում է թերթը, ամենացնցողը երեխաների մոնիտորներից ձայնագրություններն են եղել, որոնցում երևում են իրենց տանը մանկական մահճակալներին քնած երեխաները:
Ինչպես նշում է թերթը, կայքում նաև հրապարակվում է տեսախցիկի գտնվելու հստակ վայրը և այն վայրի փոստային հասցեն, որտեղ այն տեղադրված է: Ընդհանուր առմամբ, թերթի ուսումնասիրած ռեսուրսում կարելի է տեսնել 600 տեսախցիկների տվյալներ: Ենթադրվում է, որ համացանցում տասնյակ նմանատիպ կայքեր կան, հավելում է թերթը:
ICO-ն կոչ է անում օգտատերերին փոխել գաղտնաբառերը և անջատել տեսախցիկները համացանցից:










