Տեղի ունեցավ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը

16:29 • 21.11.14

Թեքեյան մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը:


«Գրքում մեր վերջին տարիների պատմությունն է, այնտեղ մարդիկ են, ովքեր դուրս են եղել հոսանքից և դրանով իսկ հետաքրքրիր են»,
- ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, թե
կցանկանար, որ գիրքը կարդային հատկապես երիտասարդները:


Իրավապաշտպանը հայտարարեց, որ գրքի վրա բավական երկար է աշխատել՝ մի քանի տարի, իսկ վերջնական տեսքի բերել է վերջին մեկ տարում:


«Կարծում եմ՝ բավական ստացված գիրք է, իմ դուրը գալիս է: Ես շատ ուրախ կլինեի, եթե այս գիրքը գրեր ուրիշը, քանի որ կոմպլեքսավորված եմ եղել այն շարադրելիս: Պատճառն այն է, որ այնտեղ խոսում եմ ընկերներիս և այնպիսի հանգամանքների մասին, որոնց անձամբ մասնակից եմ եղել»,- ասաց Վարդան Հարությունյանը:


Գրքի շնորհանդեսին ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, որոնցից նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, ում մասին բազմաթիվ հիշատակումներ կան գրքում, ասաց, որ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքն իրական սպեղանի է և պետք է վաճառվի դեղատներում, այնքան որ դրա կարիքը բոլորն ունեն:


«Սա շատ լավ գիրք է: Գրքի հերոսներից շատերը չեն տեղավորվում «այլախոհություն» տերմինի մեջ, նրանց կարելի է այլ բառով ասել՝ անձնազոհականներ: Մենք դեմ ենք եղել իմպերիային, բայց հիմա այն կրկին եկել է՝ Եվրասիական տնտեսական միության տեսքով»,-հայտարարեց Ազատ Արշակյանը:

 


 

Տեղի ունեցավ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը