Կոլումբիայում առաջին անգամ շնորհվել է Գարսիա Մարկեսի անվան մրցանակ
Կոլումբիայի մայրաքաղաքում՝ «Կոլոն» թատրոնում, առաջին անգամ հանձնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի անվան գրական մրցանակ, որին արժանացել է արգենտինացի գրող Գիերմո Մարտինեսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը, ով ընդգծել է նման միջոցառման անցկացման կարևորությունը՝ անվանելով այն «պատմության ամենահեղինակավոր գրողին արժանի կերպով պատվելու միջոց»։
Մարտինեսն այս մրցանակին արժանացել է «Զզվելի երջանկություն» պատմվածքների հավաքածուի համար։
«Դուք առաջինը կլինեք 21-րդ դարի լատինամերիկյան լավագույն գրողների ցուցակում, որը կհամալրվի յուրաքանչյուր տարի»,- ասել է նախագահը։
Հաղթանակի համար պայքարել է ավելի քան 123 աշխատանք, որոնք հրապարակվել են 2013-ին իսպանալեզու երկրներում։










