Ի՞նչ ժանրի ֆիլմում է Սոս Ջանիբեկյանը նախընտրում խաղալ

20:17 • 23.11.14

Դերասան Սոս Ջանիբեկյանն առանձնապես ոգևորված չէ, որ Հայաստանում ավելի շատ կատակերգական ժանրի ֆիլմեր են նկարահանում։

«Իհարկե, ցավալի է ինձ համար, ոչ թե որովհետև կոմեդիոն ժանրն է նկարահանվում, այլ որ համատեղ գոնե այդքան էլ չեն նկարահանվում դրամաներ կամ պատմական ֆիլմեր, կամ մեր մեծերի մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Այսուհանդերձ, Սոս Ջանիբեկյանը նշեց, որ իրականում նկարահանվում են, ուղղակի, ըստ նրա, PR-ի պակասն է, որ դրանք հանրային մեծ արձագանք չեն ստանում։ «Լինում են ֆիլմեր, որոնց մասին ժողովուրդը չի տեղեկանում, բացի այդ, ֆիլմը չի ունենում մեծ գումարներ, որպեսզի գովազդային արշավ սկսի, որ բոլորը տեղեկանան դրա մասին։ Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ դա է»,-ասաց նա։ 

Իսկ թե հանդիսատեսո՞վ չեն արդյոք պայմանավորված նման ժանրի հաջողությունները, դերասանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մարդն ինչքան ցանկանա ծիծաղել, նույնքան էլ պահանջ կունենա հուզվելու, որովհետև կան հարցեր, որոնք պետք է հուզեն մարդուն, և կարելի է ֆիլմի տեսքով այդ հարցերին անդրադառնալ»։

Հարցին, թե կոնկրետ Սոս Ջանիբեկյանը կցանկանար ավելի շատ նկարահանվել այնպիսի ֆիլմերում, որոնք մարդկանց հուզո՞ւմ են, թե՞ ծիծաղեցնում, դերասանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ երկուսն էլ ինձ համար արժեքավոր են, ծիծաղելն էլ է արժեքավոր էմոցիա, հուզելն էլ։ Բայց ես հիմա ավելի կողմ եմ, որ այնպիսի ֆիլմեր նկարվեն, որտեղ այնպիսի հարցեր կբարձրացվեն, որ կհուզեն հանդիսատեսին, որովհետև դրանք շատ քիչ են նկարվում և կուզեմ՝ այդտեղ լինեն գումարներ և այդ ֆիլմերին տրվեն նույնչափ գովազդային հանրավորություն, որ ժողովուրդը կարողանա տեսնել»։
 

Ի՞նչ ժանրի ֆիլմում է Սոս Ջանիբեկյանը նախընտրում խաղալ