ՀՀ-ում գիտության ոլորտի ֆինանսավորումը ամենացածրն է, սակայն արդյունքը լավն է. ԵՏՄ անդամակցությունը և գիտությունը
Հայաստանը գիտության ոլորտում ԵՏՄ անդամ երկրների շրջանակներում մրցունակ է և գիտական վիճակագրության առումով բավականին լավ դիրքերում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը` պատասխանելով հարցին, թե գիտության ոլորտի վրա ինչպես կանդրադառնա Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը: «Չնայած գիտության ոլորտի ֆինանսավորումը ամենացածրն է Հայաստանում, սակայն գիտական հոդվածների քանակը, այդ հոդվածներին հղումները, արդյունքները բավականին լավ են և բարձր»,- ասաց նա:
Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ Հայաստանը գիտության ոլորտում շարունակում ենք համագործակցել ինչպես Ռուսաստանի գործընկերների հետ, այնպես էլ` ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: «Ես կարծում եմ, որ գիտությունը հենց այն ոլորտն է, որը պետք է լինի քաղաքականությունից դուրս և հակառակը` գիտությունը կարող է օգնել տարբեր քաղաքական խնդիրների լուծմանը»,- ասաց նա:
Գիտնականը նշեց, որ գիտության ոլորտում համագործակցություն կա նույնիսկ Թուրքիայի հետ: «Անգամ Ադրբեջանի հետ կան ընդհանուր անդրկովկասյան գիտական ծրագրեր, որոնք կապված են սեյսմիկ վտանգների հետ, որի շրջանակներում բոլոր անդրկովկասյան երկրները` Թուրքիան և Իրանը մասնակցում են: Իհարկե, հանդիպումներ, համատեղ աշխատանքներ Ադրբեջանի հետ չեն լինում, սակայն որոշ համագործակցություն կա: Ես համարում եմ, որ գիտությունը պետք է լինի կամուրջ տարբեր քաղաքական խնդիրներ ինչ-որ ձևով մեղմելու, լուծելու, ավելի բարյացակամ մթնոլորտ ստեղծելու համար»,- ասաց նա:
Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ եթե խորհրդային տարիների` 60-70-ական թվականներին գիտությունը շատ բարձր մակարդակի վրա էր, ապա 80-90-ական թվականներին անկում ապրեց ինչպես Հայաստանում` այնպես էլ Ռուսաստանում: «Եվրասիական տնտեսական միության երկրներում կան և՛ գիտական, և՛ կրթական շատ լուրջ օջախներ, գիտական ուղղություններ, որոնք շատ բարձր մակարդակի վրա են: Չնայած վերջին տարիներին` մենք ավելի շատ համագործակցություն ունենք Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, սակայն համագործակցում ենք նաև Ռուսաստանի հետ և ոչ մի խոչընդոտ ԵՏՄ անդամակցությունը չպետք է ստեղծի համագործակցելու մյուս երկրներ հետ»,- ասաց նա:
Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելով կարծում եք, որ գիտության ոլորտում նախկին այդ ծաղկուն շրջանը կվերադառնա, գիտնականը պատասխանեց. «Մինչև պետական ֆինանսավորումը չավելանա ես կարծում եմ, որ լուրջ սպասելիքներ գիտության ոլորտում չեն կարող լինել»:
Նա գոհացուցիչ չի համարում նաև 2015 թվականի բյուջեի նախագծում գիտության ոլորտի համար նախատեսված ծախսերը: «Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ մեր հանրապետության ընդհանուր տնտեսական վիճակն էլ լավ չի, սակայն գիտության զարգացման համար այդ գումարները բավարար չեն»,- ասաց նա :
«Երիտասարդները չեն գալիս գիտություն, կամ շատ դժվարությամբ են գալիս, որովհետև շատ ցածր են աշխատավարձերը: Տեխնիկապես պետք է ինստիտուտները վերազինել, հագեցնել ժամանակակից սարքավորումներով: Կադրային խնդիրներ կան, օրինակ՝ մեր ինստիտուտում խորհրդային տարիներին 400 հոգի էր աշխատում, հիմա` 168: Այսինքն՝ ինստիտուտը ծերանում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երիտասարդներին պետության իրականացրած ծրագրերին ներգրավելուն, ասաց. «Ես կարծում եմ, որ դա իհարկե լավ է, կան լավ նախաձեռնություններ` ընդհանրապես գիտության կոմիտեն վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է դարձնում թեմատիկ ֆինանսավորմանը` երիտասարդներին խրախուսելու, սակայն իհարկե այդ հատկացված գումարները շատ ցածր են և քիչ են»,- ասաց նա:
ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը հայտնեց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում անդամ երկրների հետ նախատեսված է համատեղ որոշ ծրագրեր իրականացնել երիտասարդ գիտնականների համար: «Մեր նպատակն է, որ հենց այդ եվրասիական գոտու շրջանակներում ակտիվացնենք նաև գիտական համագործակցությունը»,- ասաց նա և նշեց, որ սարքավորումների առանց մաքսատուրքի տեղաշարժը խթան կհանդիսանա, որ մեր գիտական համագործակցությունը առավել բարձր մակարդակի վրա տեղի ունենա:
Նա հայտնեց, որ ԱՊՀ երկրներում գոյություն ունեն երիտասարդ գիտնականների խորհուրդներ, և այս տարի սեպտեմբերին հանդիպում է եղել Մոսկվայում և որոշվել ընդհանուր հարթակ ստեղծել: «Բելառուսը հանձն առավ` 2015 թվականին Եվրասիական գիտական ֆորում կազմակերպել, որտեղ հիմնականում մասնակիցները կլինեն ԵՏՄ երկրների շրջանակում` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի երիտասարդ գիտնականները և կներկայացնեն իրենց աշխատանքները ինովացիոն բնույթի, հնարավոր պոտենցիալ ներդրողներ կհրավիրվեն, որպեսզի համատեղ ուժերով ֆինանսավորում իրականացվի»,- ասաց նա և նշեց, որ նման հանդիպումներ եղան նաև Ղազախստանում, որից հետո հրավիրվեցին Հայաստան:
Գևորգ Վարդանյանը ևս նշեց, որ մենք գիտական առումով մեծ պոտենցիալ ունենք, ինչի ապացույցն են անկախ կազմակերպությունների տվյալները: «Հոդվածների, դիտված տեքստերի, հեղինակային ամսագրերում տպագրության առումով Հայաստանը առաջատար երկրների շարքում է, առավել ևս իր հարևանների՝ Վրաստանի, Ադրբեջանի համեմատությամբ: Որքան էլ ցածր են աշխատավարձերը, դեռ մենք գիտության առումով շատ շատերից առավել ենք և չենք զիջում նաև զարգացող երկրներին»,- ասաց նա: Նա նշեց, որ եթե մենք կարողանանք համատեղ ծրագրեր իրականացնել ԵՏՄ անդամ երկրների հետ հաջողության կհասնենք: «Ինչպես օրինակ` Ղազախստանում կա գիտական սարքեր, ենթակառուցվածքներ, իսկ մեզ մոտ կա մաթեմատիկայի ոլորտում լավ գիտական ուղեղների պոտենցիալ, սա կարող ենք համատեղ օգտագործել»,- ասաց նա:
Հարցին, թե ԵՏՄ շրջանակներում հնարավոր է ֆինանսավորվող հավելյալ ծրագրեր լինեն, նա ասաց. «Հնարավոր է` մի համատեղ կառույց ստեղծվի` երիտասարդ գիտնականների միություն կամ խորհուրդ, որից հետո մենք կդիմենք համապատասխան երկրների կառավարություններին, որոշակի գումար հատկացնելու, որպեսզի նշված ծրագրերը իրականացվեն»,- ասաց նա:










