Հյուսթոնում Գագարինի ու Արմսթրոնգի հիշատակին նվիրված ծառուղի է բացվել
Ամերիկյան Հյուսթոն քաղաքում տեղի է ունեցել տիեզերագնացներ Յուրի Գագարինի ու Նիլ Արմսթրոնգի հիշատակին տնկված կաղնիների ծառուղու բացումը:
Ինչպես նշում է itar-tass.com-ը, բացման արարողությանը ներկա են գտնվել «Ռոսկոսմոսի», ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության (ՆԱՍԱ), Հյուսթոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Քաղաքի գործնական կենտրոնի հարևանությամբ գտնվող ծառուղին բաղկացած է 200 կաղնուց:
Նշվում է, որ ծառերը տնկվել են 2013թ. հոկտեմբերին, սակայն Հյուսթոնի իշխանությունները միայն 2 շաբաթ առաջ են հավանություն տվել ծառուղում Գագարինի ու Արմսթրոնգի գրանիտե հուշատախտակները տեղադրելուն:
Յուրի Գագարինն աշխարհում առաջին տիեզերագնացն է, իսկ Նիլ Արմսթրոնգը՝ առաջին մարդը, ով ոտք է դրել Լուսնի վրա։










