Samsung-ը նոր չիպեր է արտադրում Apple-ի հաջորդ iPhone-ների համար
Samsung հարավկորեական ընկերությունը սկսել է չիպեր արտադրել, որոնցով կաշխատեն Apple-ի հաջորդ սերնդի iPhoneճներն ու iPad-ները:
Daily Mail-ի փոխանցմամբ` Samsung-ից հաստատել են տեղեկությունը, որ իրենք են չիպ մատակարարելու Apple-ի այդ արտադրանմուշների համար: Խոսքն A9 անվանումով չիպերի մասին է: Զանգվածային արտադրությունը սկսվել է նախօրեին` ընկերության Օսթինի գործարանում:
Աղբյուրը հավելում է, որ հաջորդ տարի Apple-ից երեք iPhone է սպասվում: Իսկ Samsung-ի ու Apple-ի նոր չիպային համագործակցության մասին մամուլում տեղեկություններ էին հայտնվել դեռևս հունիսին:
Հարավկորեական էլեկտրատեխնիկայի հսկան պատվերով չիպեր էր արտադրել Apple-ի համար 2007-ին` առաջին iPhone-ի թողարկումից ի վեր: Սակայն վերջերս Samsung-ի դերակատարությունն այդ կտրվածքով նվազել էր:










