«Ռոբոձուկ». ԱՄՆ-ի նավատորմը պատրաստվում է ջրային լրտեսման համար սարք ստեղծել
ԱՄՆ-ի զինվորականները արդեն բավական ժամանակ է աշխատում են թունա ձկան կրկնօրինակ ռոբոտի մշակման վրա, որը կարող է ներթափանցել ջրային տարածքներ և լրտեսել թշնամուն, գրում է mirror.co.uk-ը։
«Ռոբոձուկը» 1.5 մետր երկարություն ունի և կշռում է մոտ 45 կգ։ Զինվորական նախագիծը անվանել են Project Silent Nemo, և ԱՄՆ-ի ծովային ուսումնասիրությունների բյուրոն անցկացնում է ռոբոտի թեսթավորումը։
Ռոբոտը հեռակառավարվող է, սակայն այն կարող է նաև նախանշված հրամաններին համապատասխան որոշակի տարածքում ինքնուրույն անցնել, գործողություններ կատարել և վերադառնալ սկզբնակետ։
Ջերի Լեյդմենը, ով ղեկավարում է նախագիծը, պատմել է, որ ռոբոտի պարտականությունների մեջ կմտնեն թշնամու ջրային տարածքները, տարբեր նավերին լրտեսելը և ստորջրյա ականների հայտնաբերումը։










