Չինաստանում նոր սերնդի «խելացի» հեծանիվ են ստեղծում
Տարատեսակ գործառույթներով համալրված «խելացի» սարքերը գնալով ավելի մեծ տարածում են գտնում ժամանակակից աշխարհում` թեթևացնելով մարդկանց առօրյա հոգսերը:
Բազմաթիվ «խելացի» սարքերի շարքը շուտով համալրելու է DuBike հեծանիվը, որի ստեղծման աշխատանքը հանձն են առել չինացի մասնագետները: Նրանք անցած շաբաթ հայտարարել են, որ Bluetooth կապով, ներկառուցված GPS համակարգով ու տարբեր ազդակներով համալրված հեծանիվը պատրաստման փուլում է:
Ինչպես նշում է businessinsider.com-ը, նոր սերնդի հեծանիվը կարողանալու է ճիշտ ուղղություն ցույց տալ վարորդին, ինչպես նաև գողերից պաշտպանվելու հուսալի համակարգ է ունենալու: Բացի այդ, այն կկարողանա չափել մարդու սրտի աշխատանքն ու հաշվել կալորիաների ընդհանուր քանակը, որոնք նա այրել է հեծանիվը վարելու ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեծանվի ազդակներն ու էլեկտրոնային մյուս մասերն աշխատում են կինետիկ էներգիայի միջոցով: Այլ կերպ ասած՝ մինչ մարդը շարժում է հեծանվի ոտնակները, հավաքված էներգիան օգնում է ազդակներին կատարել իրենց աշխատանքը:
Ինչ վերաբերում է հեծանվի գնին ու վաճառքի հանվելու ժամկետին, ապա դեռևս ոչինչ հայտնի չէ:










