Անգամ մահը չի կարող զրույցը խլել մեզնից. ՎԱՐԴուհի Սիմոնյան (մաս առաջին)

21:07 • 08.01.15

Այս նյութն արժանի՞ է տպագրության, թե՞ ոչ։ Ընկերներս ասում էին՝ այո։ Բայց ես դարձյալ կասկածում էի։ Որոշեցի «Ֆեյսբուք»–ում յուրօրինակ հարցախույզ անցկացնել և առաջնորդվել հենց ընթերցողների խորհրդով։ Ի զարմանս ինձ, նրանք ոչ միայն դրական պատասխանեցին, այլև կողմնորոշեցին, ինչպես մատուցել այս զրույցը, ուր ոչ թե ես եմ հարցեր տալիս, այլ ինձ են «քննում» Բրյուսովի անվան համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները։


-Դուք Ձեր հարցազրույցներում Ձեր բոլոր հարցերն անխտիր հրապարակո՞ւմ եք, եղե՞լ են դեպքեր, որ հերոսին շատ մոտ համարեք ու նրա կերպարը չվնասելու համար խնայեք ինչ-որ հարցեր իրենց պատասխաններով ու չմատուցեք ընթերցողներին։


-Գիտեք, ինձ համար չվնասելու սկզբունքը խիստ կարևոր է, եթե չասեմ՝ առաջնային։ Քո հերոսին դու պակաս չպիտի սիրես քո ընթերցողից։ Չէ՞ որ նա քեզ հետ անկեղծացել է, համարյա իրեն կտրատել և փռել առաջդ, և դու պատասխանատու ես այդ մերկության առաջ։ Իհարկե, երբեմն կա այդ գայթակղությունը, մի թույլ պահի ասված խոսքը տաք-տաք տեղ հասցնել և լարել, զլել հանրության ականջին։ Բայց ձեզ անկեղծ կասեմ՝ այդ պահին ես միշտ մտածում եմ. իսկ կկարողանա՞ս քնել գիշերը։ Իհարկե, ես անքուն գիշերներ էլ եմ ունեցել, հատկապես երբ նոր-նոր էի սկսում,  բայց հիմա, մարդուն ես նայում եմ մի տեսակ տնեցու հայացքով՝ կարծես նրա մայրն եմ, քույրն եմ։ Անշուշտ, հանցագործություն է խնայել մեկին, ում գործողություններից մի ամբողջ մարդ կամ առավելևս՝ հանրային հոծ զանգված է տուժել։ Դրա պարտակումը օրենքով հետապնդելի արարք է։ Այս դեպքում դարձյալ չվնասելու ոսկե սկզբունքն է գործում՝ եթե չհրապարակես, կվնասես տուժող կողմին։ Որքան ես եմ հասկացել մեր այս գործից, մեդիան ամեն դեպքում թամաշի հրապարակ չէ։ Իմ կարծիքով, գիտե՞ք ինչ է՝ մի տարածք, ուր բոլորն իրար հետ մտածում են երջանիկ լինելու մասին։ Սա, երևի, առանձին ենթահարցերով կբացենք, կարծում եմ։


-Իսկ չվնասելու համար եղե՞լ է, որ  ամբողջ հարցազրույցը չհրապարակեք։


-Եթե դուք կարծում եք, որ իմ բոլոր հարցազրույցները լավն են, ապա պիտի ձեզ հիասթափեցնեմ. ես շատ վատ, սարսափելի վատ  հարցազրույցներ էլ ունեմ։ Դա լինում է թե՛ իմ և թե՛ զրուցակցիս պատճառով։ Օր է, տրամադրություն։ Հնարավոր է՝ չստացվի։ Ես մի անգամ շատ զարմացա, երբ Լևոն Խեչոյանը կենաց խմելիս ասաց՝ «ասեմ, տեսնեմ՝ կստացվի»։ Եվ սա ասում էր  Լևոն Խեչոյանը։ Այո՛, օր է, օրվա գույն ու տրամադրություն կա, մեկ էլ խոսքը կարող է չհասնել ետևիցդ, միտքդ շաղված լինի, չհավաքվի  հենց այդ պահին, կարող է չէ՞։  Եվ ուզում ես պատռի քեզ՝ չի ստացվում և վերջ։ Լինում է, անշու՛շտ և ստացվում են ձանձրալի զրույցներ։ Ես դրանք չեմ հրապարակում։ Եվ  ոչ նրա համար, որ դրանից  իմ մասնագիտական վարկանիշը կտուժի, այլ այն պատճառով, որ վատ, չստացված  բանն ուղղակի չի կարելի հրապարակել. հերիք չի հայերեն ասած՝ «ղալլաթը» ես արել եմ, մի հատ էլ զբաղեցնե՞ս ընթերցողին, թե սիրելի՛ ընթերցող, իմ այս մեղքը հետս կիսի։ Միայն ստացված նյութերն են արժանի հրապարակման. մարդու ժամանակը թանկ է։ Մարդը շատ կարճ կյանք է ապրում, ինչու՞ պիտի նա իր կյանքի կես կամ մի ժամը  քո չստացված  գործի վրա վատնի։ Ուրեմն՝ աղբդ շաղ մի տուր ընթերցողի առաջ. հավաքի՛ր։ Ես շատ չհրապարակված հարցազրույցներ ունեմ։


-Այդ դեպքում հարցազրույց տվողը սովորաբար սպասում է՝ երբ է տպվելու, այդ դեպքում ինչպե՞ս եք նրան բացատրում ստեղծված իրավիճակը։


-Լինում է, որ հենց հարցազրույցի ընթացքում կռահում եմ, որ լավ բան չենք անում, չի ստացվում։ Եվ անկեղծ ասում եմ այդ մասին, լինում է, որ զրուցակիցս է զգում, որ  մտքերը չի կարողանում տեղ հասցնի և դադարեցնում ենք։ Պատահել է նաև, երբ զրույցը սղագրելիս եմ միայն հասկացել, որ նյութը վատն է։ Հիմա կասեք, որ ոչ մի պրոֆեսիոնալի հետ նման բան չի լինում, չէ՞, արդյո՞ք ընթացքից չհասկացար, որ հիմար բանի ես։ Բայց չէ՞ որ ցանկացած շփում բաղկացած է նշանային համակարգերից։ Վերբալ շփման ժամանակ խոսքը հենց նշան է, տեղեկատվության փոխանցման նշանը։ Եվ զրույցի ընթացքը կարող է ցույց չտալ, որ որպես տեքստ այն չի կայացել։ Որովհետև դուք հաղորդակցվել եք ոչ վերբալ հարթության մեջ, ուր շփման այլ գործիքներ են եղել , զրուցակցիդ մարմինը, նրա ժեստերը, ձայնի նրբերանգները։ Չէ՞ որ մարդիկ տեղեկատվության զգալի մասը փոխանցում են ոչ թե խոսքով, այլ հենց այդ նշանային համակարգերով։ Լաց, ծիծաղ, աչքերի լուռ զրույցը, անգամ հազը, ավելին ասեմ՝ զրուցակցի հոտը կամ այն միջավայրի, որտեղ տեղի է ունենում այդ հրաշք արարողությունը կամ թեկուզ պաուզան... Օրինակ՝ ինչ հրաշք բան է պաուզան. անպայման վերցրեք այդ պաուզան, զրույցի ընթացքում կտրուկ լռեք, շունչ վերցրեք, հավատացեք, դա հրաշքներ է գործում։ Եվ ուրեմն, ի՞նչ ես անում այդ դեպքում։ Եթե վերջին ճիգս գործադրել եմ, բայց զրույցը, միևնույնն է,  չի ստացվում, «էշից իջնում եմ», եթե եղածը սրտովս չէ, բայց  զգում եմ, որ պոտենցիալը կա. տարբերակ առաջին՝ կրկնում եմ զրույցը, տարբերակ երկրորդ՝ նորից եմ կրկնում, խմոր կա, որ մի երկու ժամ պիտի միայն բացվի, որ կարողանաս մի բան թխես։ Ամեն դեպքում, հազար ու մի դիվանագիտական հնարանքներից առավել գերադասելի է ազնիվ ասել, որ զրույցը չի ստացվել և անգամ անհնարինն անել, որ ստացվի։ Երկու օր առաջ 82 ամյա մի տատիկ ինձ զանգեց, թե ես քեզ կարևոր ասելիք ունեմ, արի մեր գյուղ։ Մի տասը տարի առաջ ես շատ երկար կմտածեի՝ արժե գնալ, թե չէ, երկար կքննեի նրան մինչև գնալս։ Բայց երեկ առանց երկար մտածելու վեր կացա և գնացի և ոչ ամենևին այն հույսով, որ մի հրեղեն հարցազրույց կպոկեմ նրանից։ Այլ նրա համար, որ նոր եմ հասկացել, որ մարդկային նախաձեռնությունն ամենալավ բանն է և չպիտի թողնես, որ կորչի։ Միգուցե մեր բոլոր դժբախտությունները նրանից է, որ մենք չենք ուզում լսել նրանց։ Ահա այդ տարիքում կինն անտարբեր չէ, ուզում է իր կենսափորձը փոխանցել։ Նա շփման, զրույցի կարիք ուներ, ու մենք ժամերով զրուցեցինք։ Ձայնագրեցի ամբողջը և չգիտեմ էլ ինչ նյութ դուրս կգա դրանից, կամ դուրս կգա՞, թե՝ ոչ։ Բայց նա երջանիկ էր, որ գնացի և միգուցե հենց սա էր իմ մասնագիտական ողջ առաքելությունը՝ երջանկացնել գոնե մեկ մարդու, ավելի շուտ՝ մեկ ամբողջ մարդու։


-Ձեր զրուցակիցների շրջանակը բավականին լայն է՝ փողոցում արևածաղիկ վաճառող տատիկից մինչև ամենահայտնի դեմքերը։ Ինչպե՞ս եք ընտրում, ովքե՞ր կարող են լինել Ձեր հարցազրույցի հերոսները։


-Բոլորը կարող են լինել իմ զրուցակիցը։ Ես չեմ ընտրում մեկին հատուկ նրա համար, որ ինքը արևածաղիկ է վաճառում, իսկ այս մեկը հակառակը՝ նախարար է կամ հայտնի մշակութային գործիչ։ Ընդհանրապես՝ լրագրողներս, պետք է մեր, այսպես կոչված, «կլիենտներին»  նայենք նույն աչքով։ Ինձ համար մեկ է՝ ինքը նախարար է, նախագահ է, արևածաղիկ է վաճառում, թե մի անտուն թափառաշրջիկ է։ Ես, իհարկե, կարծում եմ, որ մեդիայում հրապարակվող զրույցը պիտի լինի միմիայն մասնագիտական. անտանելի է, երբ օրինակ տնտեսությունից չհասկացող մեկը մխրճվում է ֆինանսատնտեսական զրույցների մեջ։ Հայաստանում կարծես, դեռ չի զգացվում՝ ինչ է լրագրությունը։ Կարծում եմ ինձնից լավ գիտեք, թե ինչու են դրսում այն որպես երկրորդ մասնագիտություն ստանում։ Չծավալվենք։ Բայց հարցազրույցների իմ այս լայն դիապազոնը ավելի շատ մասնագիտական ողբերգության արդյունք է։ Տարիներ շարունակ ինձ փակել են.12 տարի չեն թողել, որ ես աշխատեմ իմ մասնագիտությամբ և ամեն ինչ մի տեսակ լցվել ու խառնվել է իրար։ Ես մեռած էի և վերածնվեցի համացանցի հետ։ Հիմա էլ, ցանկացած տող գրելիս մտքումս կադրն է պատկերը...ծանր է։ Շնորհակալ եմ, Tert.am-ին, որ գոնե այս հնարավորությունը ստեղծեց ինձ համար և տանում ու ներում է կայքի տրամաբանությունից ահագին դուրս իմ այս խելագարությունները։ Չնայած, որքան ես եմ հասկանում, այսօր լրագրությունը երկու ծայրահեղ ուղղությամբ է զարգանում, մի կողմից այն մոտենում է գրականությանը՝ դառնալով մի առանձին գրական ուղղություն, իսկ մյուս կողմից այն մաքուր ծրագրավորում է դառնում՝ թիվ, աղյուսակ, օրինակ՝ վիզուալիզացված բյուջետային տող, իսկ հեռուստատեսությունն արդեն ադեկվատ չէ լրատվությանը և  իր շունչը կփչի թատրոնում, սա հաստատ։


-Իսկ հաճախ է պատահում, որ Tert.am-ը Ձեզ պատվիրի  նյութեր. առհասարակ պատվիրո՞ւմ է։


-Ո՛չ։ Ես այնտեղ աշխատանքի չեմ գնում, կայքն ինձ որևէ գաղափարական կամ բովանդակային պատվեր երբևէ չի ներկայացրել, սանիտարական հատումներ չի կատարել, ոչինչ չի պարտադրել։ Ես շատ զզվելի բնավորություն ունեմ՝  որտեղ իմ գիրը բզկտեն, ես այդտեղ չկամ։ Շատ հրաշալի համագործակցություն է, ես կասեի՝ լրագրության ապագա մոդել, որովհետև վստահ եմ, որ ապագայում հենց այդպիսին էլ լինելու են կայքերը՝ բոլոր աշխատակիցներից ազատելու են իրենց օֆիսները և առանձին հեղինակների բլոգները շարեն իրենց կայքերի տակ։ Չգիտեմ՝ սա որքանով  հարցի մեջ կտեղավորվի բայց  ամեն դեպքում այստեղ գալու իմ գլխավոր նպատակը, ասելիքը կցանկանամ տեղ հասցնեմ. մենք՝ լրագրողներս մեր օրակարգը պիտի ունենանք, ցանկացած լրագրող պիտի ունենա իր մեծ սցենարը։ Որովհետև ցանկացած խմբագրություն կարող է քեզ կեղծ օրակարգ պարտադրել, ասել, օրինակ՝ կարևոր է օրը 10-ը անգամ անդրադառնալ ասենք նույն ֆլանին կամ ֆստանին։ Այսպես վարվում են այն լրագրողի հետ, ով չունի մասնագիտական երազանք, մասնագիտական բովանդակություն։ Ես էլ երկար տարիներ այս կամ այն հեռուստածրագրում գլխավոր խմբագիր եմ աշխատել և միշտ գայթակղությունը եղել է լրագրողին տեղակայել քո օրակարգում, սա բնական է, կա այդ էգոիզմը։ Բայց այն լրագրողը, որ գալիս էր իր թեմայով, իր օրվա օրակարգով ես հիանում էի. հանիր նրան գործից, նա իր սցենարը կտանի և կիրականացնի այլ վայրում, այդպիսի լրագրողից հնարավոր չէ խլել իր մասնագիտական արժանապատվությունը։ Իհարկե, մենք այսօր վատ ենք աշխատում, որովհետև մենք հրաշալի ժողովուրդ ունենք և շատ վատ հասարակություն, բայց մենք ենք չէ՞ հասարակություն ստեղծում՝ մեդիան է հասարակություն ձևավորողը։ Ես տարիներ շարունակ այնքան հիմար էի՝ մտածում էի քաղաքական հարցերն են առաջնային։ Բայց հետո հասկացա, որ մենք մշակութային ցենզի խնդիր ունենք, դրա համար էլ այդ քաղաքական հարցերն ունենք։ Իսկ ի՞նչ է մշակութային ցենզը. հենց  բարոյականություն, խիղճ: Ես չեմ հավատում այն մտքին, որի մեջ խիղճ չկա։ Հայերս եզակի բառ ունենք, որ այլ լեզուներում որքան գիտեմ չկա՝ խղճմտանք։ Իսկ խիղճն ինչ է, եթե ոչ մտքի կուտակումը, տառապանքի, սիրո կուտակումը։ Ամբողջ օրը մեդիան հարայ է տալիս, ոչ թե գրում, խոսում կամ մտածում է, այլ հենց հարայ է տալիս՝ հարայ, դա հենց կեղծ օրակարգն է, որ մենք լցնում ենք մարդկանց ուղեղը և թունավորում նրանց։ Մարդն ունի սահմանափակ ինֆորմացիոն տարածք և մեծ ծավալներով արտահոսելով նրա ուղեղ, մենք ուղղակի նրան զրկում ենք մտածողությունից, բանականությունից։  Ես հակված չեմ ձեզ խորհուրդներ տալու, բայց ընկերական մի բան կասեմ, որովհետև...շատ եմ տառապել ու սիրտս երկու անգամ պայթել է դրանից։ Երբեք ձեր գործունեությունը մի կապեք օրվա իշխանության հետ. իշխանությունը միշտ վատն է, որովհետև իշխանության նպատակը հենց իշխանությունն է։ Պետք է գործել, մեկ օր անգամ չմատնվել գործազրկության. մի տասը տարի առաջ հնարավոր էր մարդուն փակել, այո, վռնդել մինուճար հեռուստատեսությունից փողոց, ինչպես իմ դեպքում եղավ։ Բայց հիմա միտք ունեցող մարդուն անհնար է տապալել։ Ես կարծում եմ, որ լրագրությունն աշխարհի ամենալավ մասնագիտությունն է, բայց դրանով կարող են զբաղվել միայն ամենանուրբ մարդիկ, որովհետև դա գործ է կյանքի մանրամասների հետ։ Ոչ մի լուրը «մեյդանում» գցած չէ, այն, ինչ այդտեղ գցած է, հաստատ, լուր չէ։ Մենք շատ հաճախ կեղծ հետքի վրա ենք դուրս գալիս։ Այդ նույն մամուլի ասուլիսում լուր կա, բայց մենք չենք կարողանում գտնել այդ լուրը։ Կարող է այդ լուրը բանախոսի ոտքերի տակ է կամ ասված խոսքի ենթատեքստում և  պետք է այնտեղ  փնտրել։ Մենք ցավը չենք փնտրում, ահա ամբողջը։ Հայհոյանքի պաթոսը, քրեական պատմությունները վախի հասարակություն են ձևավորում։ Իսկ ավելի վտանգավոր բան, քան վախկոտ հանրությունը ես չեմ պատկերացնում։ Վախկոտ հանրությունը ցինիկ է լինում, իսկ ցինիզմը դա գագաթնակետն է։ Շատ լրագրողներ երբեմն ասում են՝ լրագրողը պետք է լինի ցինիկ։ Ինչպե՞ս։ Լրագրողը ինչո՞ւ պիտի լինի ցինիկ։ Եթե մարդը, երկիրը ցավի մեջ ոռնում է, որտեղ շրջվում ես՝ ցավ է՝ այդքան ցավի մեջ ի՞նչ ցինիզմ։ Ցավի մեջ ցինիզմ կլինի՞։


-Ձեր հարցազրույցներում մարդիկ զարմանալիորեն անկեղծ են, բացվում են Ձեզ հետ մինչև վերջ. հետաքրքիր է ինչպե՞ս եք շահում նրանց վստահությունը ու ստանում այն, ինչ անհրաժեշտ էր։


-Գիտե՞ք առաջին հերթին դու պիտի անկեղծ լինես։ Անկեղծության գինը անկեղծությունն է Եթե դու անկեղծություն չես տալիս, դու չես ստանա այդ անկեղծությունը։ Ամբողջը սեր է, ես սեր եմ անում նրանց հետ։ Մի անգամ տեսա, որ մի կին ահավոր պճնված, թանկարժեք մուշտակով կանգնել էր արևածաղիկ վաճառողի գլխավերևում և փորձում էր հարցազրույց անել նրա հետ։ Իհարկե, չի ստացվելու։ Եթե քեզ զոռով չեն հրել այդկողմ և քո օրակարգում, քո մտքում եղել է նրա հետ զրուցելու գաղափարը, ապա դու գոնե ֆիզիկապես պատրաստ կլինեիր դրան։ Անպայման չէ, ձևի համար փռվել հատակին, բայց պետք է կարողանալ ջնջել բաժանարար գծերը։ Լրագրությունը նախ հոգեբանական աշխատանք է, մարդու բնույթն այնպիսին է, որ նա միշտ էլ զգում է կեղծիքը՝ ուզում ես աղբահավաք եղիր, ուզում ես՝ նախագահ. կեղծիքը զգացվում է։ Մի երանելի ժամանակ կար, երբ ես իմ լրագրողական կուրս ունեի ԵՊՀ-ում, և մի օր ուսանողները խնդրեցին մի ամբողջ դաս նվիրել ոճական հարցերի։ Խնդիրը տարանք գիտական և արտագիտական բազում հարթություններ և ի վերջ, միասին գտանք, որ միայն անկեղծությամբ կարող ես բոլոր բարդ խնդիրների տակից դուրս գալ։ Նախ, որ սրտով մտածածն է ամենաճիշտը, հետո էլ Արարիչը երբեք չի կրկնել իր ստեղծագործությունը՝ եթե քեզ հարազատ ես, քեզ ես ապրում, ուրեմն մի առանձին ոճ ես, որ կաս։ Անգամ ամբողջական ազգեր կարող են տիեզերքում իրենց հետքը կորցնել, եթե ապրեն կեղծիքի մեջ, խաթարեն իրենց նշանները։ Կարճ ասած՝ չկեղծել։ Գիրն էլ նշան է, չէ՞,  եթե մենք մի ճռճռան, կեղծ նախադասություն ենք գրում, այդ նշանը բարձրանում է վեր և ահագին բան է խաթարում։ Լրագրության ձևաչափը հենց խոսքն ու գիրն է։ Հիմա, եթե մենք կեղծ նշան ենք ուղարկում տիեզերք, տիեզերքը մեր գրի թելը կտրում է։ Այդպես է. երբ չես հավատում գրածիդ, գիրդ էլ քեզ չի հավատում և հեռանում է։ Կվերադառնա, եթե շատ հավատաս։ Իհա՛րկե, այնպես չի որ ես շատ միամիտ եմ ու փիառից ոչինչ չեմ հասկանում, հակառակը, Հայաստանում ոչ մեկն իմ չափ տեղեկատվական ու քարոզչական արշավներ չի արել և այն իմ երեք մասնագիտություններից մեկն է, որն, իմիջիայլոց, նույնպես կապ չունի կեղծիքի հետ։ Այդ ուրիշ բան, որ այդ գիտությունը մեզանում բավականաչափ այլասերվել և դուրս է եկել իր շառավղից։ Բայց սա այլ զրույցի թեմա է...Եվ որպեսզի հարցը չմնա զուտ տեսական հարթության մեջ կարող ենք բերել գործնական տիրույթ. դու գործատուն ես, ես բերում եմ քեզ իմ անկեղծ, ազնիվ  նյութը, բայց դու ունես տարբեր կորպորատիվ շահեր և իմ այդ նյութը կոպիտ ասած՝ քո հագով չէ. սկսում ես ինձ ուղղորդել, թե տար սևը սպիտակ դարձրու՝ բեր։ Ի՞նչ եմ անելու ես։ Բնականաբար՝ բանակցում ես երեխայիդ ապրելու իրավունքի համար, որքան փորումդ շունչ կա։ Բայց եթե գործատուդ անդրդվելի է, ուրեմն գոնե ինձ համար մի ելք է մնում՝  նայել երկնքին, փառք տալ Տիրոջը, որովհետև, ուր որ է քեզ համար մի նոր դուռ է բացվելու։ Այո, եթե դու ունես քո օրակարգը, ուրեմն երբեք չես պարազիտանա հարամ հացի վրա։ Բայց անկեղծությունը տկլորությունը չէ, գռեհկությունը՝ չէ, ընդգծված նատուրալիզմը չէ։ Ես պաշտում եմ իմ ընթերցողական համայնքին, բայց հավատացեք, անգամ նրանք չեն իմ դատավորը։ Դատավորը մեկն է, այն էլ՝ երկնքում, որ վաղը կարողանանք նորից գրել, աղոթել։ Չնայած արդեն չեմ հասկանում գրի ու աղոթքի տարբերությունը․ հաստատ նույն  բանն է։


-Ինձ մի հարց է հետաքրքիր. ինչպե՞ս եք նախապատրաստվում հարցազրույցներին։ Հարցերը այդ պահի՞ն են ծնվում, թե՞ նախօրոք եք պլանավորում։

 

-Հարցազրույցը ահագին բարդ ժանր է և, անշուշտ, պետք է դրան լավ պատրաստվել։ Ընդ որում՝ պատրաստվել նաև տարատեսակ ֆորս մաժորների՝ կանխակալ հարցերի և աղետյալ իրավավիճակների։ Ես չգիտեմ որքանով եմ ճիշտ։ Միգուցե դուք ավելի լավ մոդել գտնեք դրա համար։ Ես այսպես եմ աշխատում. նախ կազմում եմ իմ մեծ սցենարը՝ ակնկալիքների և  պատահարների բանկը. ինչ եմ ուզում այդ մարդուց և այդ ճանապարհին ինչ «թարս»  բաներ կարող են պատահել։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում,որ իմ հարցազրույցները ձեզ համար կարող են օրինակելի լինել։ Ասեմ ինչո՞ւ։ Որովհետև մեծ հաշով ես խախտում եմ այս ժանրի բոլոր կանոնները։ Իհարկե, ցանկացած կանոն խախտելու համար պիտի  այդ կանոնները լավ իմանալ։ Այսինքն՝ ես գիտեմ, թե ինչպես պիտի անցնել այդ ճանապարհը, երթևեկի կանոնները գիտեմ, բայց հիմա ես մի ուրիշ բան եմ ուզում, ուզում եմ  թռչել այդ ամենի վրայով։ Ես հիմա միսը ժամերով չեմ ծեծում, հետո աղուպղպեղը լցնում վրան ու քաշում կրակին։ Այսինքն` ոսկե կանոնների այն փունջը չեմ կիրառում, գիտեք, կարծեմ դրանք՝ սկզբից քաղցր հարցեր տալ, թմրեցնել, ապա ստուգողական մի կրակոց՝ ունեցածդ ինֆորմացիայով ստուգել հաճախորդի անկեղծությունը, հետո սուր հարցով մի վերջին հարված ու վերջ՝ զոհը պատրաստ է։ Հիմա ես ցանկանում եմ մտքերի, գաղափարների բանկը բերել հանրային հարթակ, «դուել» հարցազրույցները՝ «կամ ես մնամ ողջ, կամ դու», վաղուց ինձ չի գայթակղում։


Անգամ ինձ չի հետաքրքրում, որ օրինակ ինձնից խելոք իմ կոլեգաները կասեն, որ երկար հարցեր չի կարելի տալ, որովհետև զրուցակիցդ հասցնում է այդ ընթացքում մի լավ փիար անել, թե ոնց պատասխանի այդ հարցին։ Թող մտածի, ավելի լավ։ Ես միայն երջանիկ եմ դրա համար։ Իմ նպատակն է նրանից ստանալ առավելագույնը, անգամ եթե ինքը երևակայությանը զոռ տա և դիմի մանիպուլյացիաների, դու պիտի պատրաստ լինես կոնտր քայլերին, տիրապետես նրան սանձահարելու մեխանիկային։ Ի վերջո` չմտածող մարդն է վախեցնողը, ոչ թե՝ հակառակը։ Ես պատրաստ եմ զրուցակցիցս մի միտք կորզելու համար ուզածդ տարածությունը հերկել, եթե դրա համար պահանջվի իմ մեկ կիլոմետրանոց խոսքը ես չեմ վարանի դա ասել։ Խոսքը խոսքի վրա է շարվում, դատարկ տեղ լավ խոսք չի ասվի։ Լրագրողը, մանավանդ երկար տարիներ աշխատելուց հետո, իր ծրագիրն ունի, մեդիան նախևառաջ լրագրողական մտքի տարածքն է, պետք է այդ միտքը շփել տարբեր շերտերի հետ, ստեղծել այսպես կոչված «երրորդ տեքստ», որի հեղինակային իրավունքը ոչ քոնն է, ոչ էլ՝ զրուցակցինդ, որովհետև երկուսիդ զրույցից են առաջ եկել այդ գաղափարները։ Մի կողմից էլ ախր կյանքը կարճ է, այո. ես, վախենում եմ չասված խոսքից: Անկեղծ ասած՝ նաև այդ պատճառով են, երևի, երկարում հարցերս։ Մեզ հետ ինչ պատահեց ի վերջո, մենք տարիներ շարունակ չէինք նկատում, որ մենք հենց մտքի կարիք ունենք։ Հայաստանում մենք մեծ զարգացումներ չտեսանք։ Դա նշանակում է, որ մենք չենք հավաքագրել մասնագիտական, հանրային միտքը, այնքան թողեցինք փակ սենյակներում, որ նա հոտեց ու հնացավ, այսօր խիստ դժվար է ժամանակակից մտքի որսը. երկրում հատուկենտ մարդիկ են այն  կրում։  Միայն մեր կառավարության կադրային բանկը հերիք է, որ ես մտածեմ, որ մենք մտքի դեֆիցիտ  ունենք։ Որպես լրագրող, տարիներ շարունակ աշխատելով, դառնում ես առանձին հանրային արարած։ Եվ դու ոչ միայն հանրության կարծիքն ես ներկայացնում, այլև քո կարծիքը, քո ծրագիրը։ Այստեղ պարսավելի որևէ բան չկա։ Այսօր մենք ունենք լրագրողներ, որոնք մի քանի անգամ ավելի շատ հանրային վստահության քվե ունեն, քան այս բոլոր կուսակցապետերը միասին վերցված։


Մեդիան այսօր համարյա դատարկ տեղում քաղաքական իրադարձություններ է ստեղծում։ 90-ականների լրագրության մեջ այդ ամերիկյան մոդելը մտցրեցին, որ լրագրողը իրավունք չունի արտահայտել սեփական կարծիք։ Այդ դատավճիռը բերեցին, կախեցին Ինտերնյուսի պատից, հետո մեր վզից, այն դեպքում, երբ այս կաղապարից նրանք դեռևս 70-ականներից էին դուրս եկել։  Ուրեմն՝ բարև ձեզ, դուրս է գալիս, որ լրագրող է նա, ով լրագրող չէ, ասենք անթել խոսափող է կամ ասենք՝ ձայնագրիչ։ Մեդիան պիտի երկխոսություն ծավալի և գտնի լուծումներ, մեր դաշտում պիտի իրար հետ երկխոսեն բոլորը՝ պետական համակարգեր, հասարակական կառույցներ, բոլոր արարածները, անգամ՝ անասունները....ասենք՝ շունն ու կատուն, եթե նրանք այլ նշաններով են զրուցում, դա չի նշանակում, որ նրանց շահերը պիտի անտեսվի, չարծարծվի մեդիայում։  Ես շատ զարմացա, որ մեր լրագրողներից շատերը Սյունիքի մարզպետի հետ կապված պատմություններից հետո ասում էին՝ մենք հիասթափված ենք հասարակությունից, մենք միայնակ այսքան պաշտպանեցինք իրենց շահերը, իսկ իրենք ահա այսպիսի վատը դուրս եկան, անգամ վախենում են իրենց անուն ազգանունով մի բան վկայեն։ Կներեք, բայց մեդիան չէ՞ հասարակություն ստեղծողը, ում վրա ենք մուննաթ գալիս։ Այսօր Հայաստանում մի խնդիր կա՝ ցանկացած մասնագիտական շերտ պատասխանատու է իր գործունեության համար։


Չի կարող ճարտարապետը կանգնել ու ասել՝ այս ինչ զզվելի շենքեր եք կառուցել։ Այ քեզ բան։ Դա քո մասնագիտական տարածքն է, դու պատասխանատու ես։ Հարցն ամփոփելով ասեմ. զրույցին նախապատրաստվելը «Գուգլից» ինֆորմացիա քաշելը չէ, քեզ պետք է հուզեն այն հարցերը, որ դու բարձրացնում ես, հուզելը քիչ է, պետք է վառեն, խորովեն, հակառակ դեպքում ֆալշը լսվում է, չեն հավատա քեզ, իսկ երբ քեզ արդեն չեն հավատում, դա քո բաժին լրագրության մահն է։ 

 

-Պատահել է արդյո՞ք , որ Ձեր ասած օրակարգ ձևավորելու պահանջից ելնելով՝ հարցազրույցի ժամանակ  Ձեր խոսակցի բերանը դնեք այն մտքերը, որ Դուք ուզում եք հասցնել ընթերցողին։ Ձեր վերջին հարցազրույցներից մեկում՝ «Տղամարդիկ, կինո եք կինո. մասկուլինային զրույց N տղամարդու հետ» առանձին  պատասխաններ տվյալ մարդունը չէին կարծես... սուբյեկտիվ կարծիք է, իհարկե։


-Եթե նյութը մաքուր վավերագրություն է, նման կոշտ միջամտություններն անթույլատրելի են։ Բայց, անշուշտ կա խոհանոց. զրուցակիցներ են եղել, որոնց հետ ես ապրել եմ օրերով, որ կարողանամ սկսել նրանց հետ իմ ուզած զրույցը,  եղել է որ, ամբողջ աշխատավարձս ծախսել եմ հենց մի լավ զրույցի ակնկալիքի վրա։ Մի օր մոտեցա հոգեկան մի հիվանդի, որ ձեռքի ջարդած շշով արդեն վնասել էր երեք տղամարդու։ Սա մեր գործն է։ Երբ  սրճարանում նստած ես, քեզ համար կարևոր չէ, ինչ է կատարվում խոհանոցում, ուզում ես ժամանակին և որակով սպասարկվել։ Մենք էլ ունենք խոհարարական բազում գաղտնիքներ ու նրբություններ և ընթերցողին, չեմ կարծում, որ դրանք շատ կհետաքրքրեն՝ նա քեզնից լավ պրոդուկտ է ուզում։ Իսկ դու այդ պրոդուկտը սարքելու համար մի ահագին տանջվել ես՝ հասել ես նրան, որ մարդը քեզ վստահի, չստի, երբեմն  հուշող, կոմնորոշող հարցեր եմ նաև տալիս, պատմում եմ իմ մասին, ծնողներիս մասին,  սրանք էլ ահագին կարևոր մանրամասներ են։  Եթե դու ունես մեծ սցենար, դու գործող անձիք ես ընդամենը գտնում և տեղակայում դրա մեջ։ Ես այդ հարցազրույցներում ուզում եմ մեսիջ հաղորդել ոչ միայն հանրությանը, այլև՝ իշխանությանը, նախագահին։ Գիտեմ անգամ, որ այդ նամակները տեղ հասնում են, ստանում են որոշակի արձագանքներ։ Հենց այս պահին Tert.am-ում տեղադրված է իմ մի զրույց, որտեղ ես մեսիջ եմ փոխանցել հոգևոր առաջնորդին։ Գրել եմ՝  բայց ես էդ ո՞վ դարձա, որ առաջարկեմ մեր եկեղեցուն մոմերը  սեղանի տակից չվաճառել։ Ասել եմ, չեմ առաջարկում, որովհետև, ո՞վ չգիտի՝ ամբողջ աշխարհում էլ եկեղեցում մոմ չեն վաճառում։ Իսկ մեկ բացառությունը օրինաչափությունը հաստատում է, չէ՞։ Եթե իսկապես ուզում ես մի բան շարժել, միշտ խոսքի նրբությամբ, կոռեկտ ձևաչափով  կանես այդ բանը, ոչ թե հայհոյանքով։ Ի վերջո, լավ նյութն այն է, որը ազդեցություն է թողնում, ոչ թե միայն՝ տպավորություն։
 

-Բայց ամեն դեպքում ինձ համար պարզ չէ, թե ինչպե՞ս եք որոշում այս պահին կոնկրետ ինչի մասին և ում հետ խոսել։


-Նորից կրկնեմ, որ ես կուզեի, որ դուք ինձ, իմ լրագրողական գործունեությունը որպես օրինակելի տարբերակ չդիտարկեք։ Ես ընդամենը պատմում եմ, ինչ կա և սա չի նշանակում, որ ես հիացած եմ եղածով։ Ասեմ, որ այնպես չէ, որ նստում տարվա, ամսվա պլաններ  եմ կազմում, թե ինչ հերթականությամբ և ում հետ եմ զրուցելու։ Եթե դու ունես մեծ պլան, դրա կարիքը չի զգացվում։ Դու ոչ թե մարդկանց ետևից ես գնում, այլ՝ գաղափարների, մտքերի։ Շատ հաճախ գնում եմ սրճարանում ինձ համար նստում, մեկ էլ՝ հոպ։ Այսպես եղավ նաև Զանգելանից եկած ուսուցչուհու հետ. լսեցի, որ կարևոր բաներ է պատմում իր ընկերուհուն և բնականաբար երեսս սարքեցի եզան կաշի և սկսեցի  ինտեգրվել։ Եզան կաշին այդտեղ է պետք, ոչ թե գնաս պաշտոնյաներին ոտքով հարվածես։ Դա ցինիզմ է։ Միշտ պետք է կոռեկտության մեջ լինի լրագրողը։ Ես տարիներ շարունակ նկատել եմ, որ մարտական, ցինիկ կեցվածքով լրագրողները, որպես կանոն, տվյալ իրադարձության մասին ամենաանհաջող նյութերն են տալիս։  Ուրեմն հարցազրույցի ոսկե կանոններից մեկը՝ երբեք մի վախեցեք անգրագետ երևալուց։ Երբեք։ Հա, ի՞նչ անենք՝ ես սա չգիտեմ։ Մեկ-մեկ պաշտոնյաները ասում են՝ «հա՜ դու նույնիսկ սա չգիտես»։ Իսկ մենք ժպտալով պիտի ասենք, որ այո չգիտեմ, բայց ուզում եմ իմանալ, կասե՞ք։ Այսպիսով մենք նաև  հարցազրույցի մի հրաշալի տրյուկ ենք կատարում՝ վերադարձնում ենք հարցը, սա շատ կարևոր տակտիկական քայլ է՝ հարցը վերադարձնելու արվեստը։ Գիտեք, հարցազրույցը երբեք չի ավարտվում, անգամ մարդու մահվանից հետո։ Մեր Գայանե Բաբայանին հիշեցի, կարդացած կլինեք իրեն, տաղանդավոր աղջիկ էր, հրաշալի հարցազրույցներ էր անում։ Վրաերթից մահացավ, ճիշտն ասած՝ չեմ էլ կարծում, թե դա մի դժբախտ պատահար էր։ Ինչևէ։ Ահա այս աղջկա հուղարկավորությանը  եկել էին այն մարդիկ, ում հետ ինքը հարցազրույց էր արել, այսպես լուռ նստած էին եկեղեցում։ Դա էլ լուռ զրույց էր, և վստահ եմ, որ այս պահին էլ շարունակվում է։ Դու մարդ ես գտնում, դրանից էլ լավ բա՞ն։ Մարդու աշխարհում պտտվելը մի նոր աշխարհամասում պտտվելուց հետաքրքիր է։


Զրույցը հավերժական  բան է, դա երևի միակ բանն է, որի համար մարդը վերև է կանչվում ու միգուցե, միակ երկրային արարքն է, որ շարունակվում է երկնքում։

շարունակելի

ՎԱՐԴուհի Սիմոնյան