ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
PURL ծրագրի շրջանակում ամերիկյան սպառազինության մատակարարումներն Ուկրաինա ընթանում են ըստ ժամանակացույցի։ Ինչպես նշում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Բրյուսելում Կիևի անվտանգության ֆորումի միջոցառման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։
«Դաշինքն արդեն իսկ մատակարարել է ավելի շատ սպառազինություն, քան վճարվել էր։ PURL փաթեթների տրամադրումն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Փաստացի, մենք տրամադրել ենք նույնիսկ ավելին, քան այն, ինչի համար հաջողվել էր ֆինանսավորում ապահովել, քանի որ հասկանում ենք, որ սա արտակարգ իրավիճակ է»,- ասել է Շեկերինսկան։
PURL ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ի անդամ երկրները և դաշինքի գործընկերները ֆինանսավորում են Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության ձեռքբերումը, իսկ դաշինքը համակարգում է դրա մատակարարումները։ Հենց PURL-ի միջոցով է Ուկրաինան ստանում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված խոցող հրթիռների ճնշող մեծամասնությունը։














