Հիմարությանը հիմարությամբ չենք պատասխանում, բայց պատասխան ստանալու իրավունք ունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

20:06 • 14.01.15

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի կարգ:

 

Ինչպես հայտնում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը»՝ տերունական աղոթքից ու  կարգից հետո սրբազանը ժողովրդին հարցի պահանջատիրության, բայց նաև զգոնության կոչ արեց: «Այնքան վիշտ կա  մեր սրտում, որ ասելիք չի թողնում: Համազգային ողբերգության մեջ ենք: Երեք օր է` փորձում ենք հասկանալ անհասկանալին,  ըմբռնել՝ անըմբռնելին, բացատրել՝ անբացատրելին: Մեր մարդկային բանականությունից վեր է այս եղեռնագործությունը հասկանալն,  ընդունելն ու  բացատրելը: Ոճիրը գործված է անակնկալ, և ոճրագործն արդեն իսկ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը: Այս 50 տարվա մեջ «վիժվածք» բառն ինձ հասկանալի չէր, հիմա հասկանալի դարձավ:

 

Մենք մի պահ պատկերացրինք, որ ռազմի դաշտում ենք, և Ավետիսյանները գտնվեցին առաջին գծում և ընդունեցին հարվածն իրենց վրա: Այդ մարդանման կենդանին կարող էր մեզնից յուրաքանչյուրի տուն մտնել: Սա անմեղ մանկանց կոտորած էր, ովքեր հարվածն իրենց վրա վերցրեցին և իրենց նահատակությամբ փրկեցին մեզ: Այստեղ առաջանում են հարցեր, որոնց պատասխանը մենք ակնկալում ենք ստանալ, մենք ուրիշ բան չենք ուզում՝ եթե ոչ ապահովություն ու խաղաղություն:

 

Մենք զինվորին միշտ համարել ենք իբրև խաղաղության երաշխավոր ու ապահովության  գրավական, ոչ թե որպես գիշերը մեր տունը մտնող ու մեր զավակներին սպանող: Ուրեմն, ինչ- որ բան ինչ-որ տեղ սխալ է, ու մենք այդ սխալը սրբագրել ենք պահանջում: Զինվորը չի կարող ոճրագործ լինել, ասկյարն է ոճրագործ լինում: Եվ այստեղ պետք պարզվի, թե ով է մեղավոր, որ այդպիսի երևույթ կա, որ մութ ուժն է. գտնել է պետք այդ մութ ուժը: 2015  թվականին մենք հերթական եղեռնին պատրաստ չէինք, և այն էլ` եղբայրական հավատով ազգի ներկայացուցչի կողմից:

 

Սովորական քաղաքացի չէ` հանցագործությունը կատարողը զինվոր է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ու պարտականություն ո նի պատասխան տալու դրա համար, և այդ պատասխանը Գյումրիի ժողովուրդն իրավունք ունի պահանջելու ՌԴ-ից, որքան էլ որ այդ երկիրը մեծ և հզոր երևա: Գյումրեցին չի վախեցել թուրքից, պարսիկից, չի կարող վախենալ և այսուհետ չի վախենա որևէ մեկից և պատասխան է  պահանջում: Մեզ կոչ են անում, և մենք էլ ձեզ կոչ ենք անում սթափության և հավասարակշռության: Ոչ մի ավելորդ քայլ չպետք է լինի: Մենք հավասարակշիռ ժողովուրդ ենք»,- իր առաջնորդական խոսքում նշեց  Միքայել սրբազանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին՝ աղոթել փոքրիկ տղայի առողջության համար: