Արհեստական ինտելեկտը սպառնալիք է մարդկության համար. Բիլ Գեյթս
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, հայտնի բարերար Բիլ Գեյթսն ասել է, որ մարդկությունը պետք է անհանգստանա տեխնոլոգիաների նման արագ տեմպերով զարգացումից: Այս ասելով՝ Գեյթսը, մասնավորապես, նկատի է ունեցել արհեստական ինտելեկտի ստեղծման փորձերը, ինչն ըստ նրա՝ լուրջ սպառնալիք է մարդկության համար:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Գեյթսը մանրամասնել է, որ թեկուզ ներկայում այդպիսի սպառնալիք չկա, սակայն այն կարող է ի հայտ գալ ապագայում:
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր գտնում են, որ արհեստական հզոր ինտելեկտը սպառնալիք է մարդկության համար: Սկզբում ռոբոտները մեր փոխարեն կանեն աշխատանքը և սկզբնական շրջանում այդքան էլ խելացի չեն լինի: Բայց մի քանի տասնամյակ անց մեքենաները կխելոքանան, և դա արդեն լուրջ խնդիր կլինի մեզ համար: Չեմ հասկանում, թե ինչու շատ մարդկանց չի անհանգստացնում այս հարցը»,- ասել է գործարարը:
Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն է նախազգուշացրել, որ արհեստական ինտելեկտ ստեղծելու փորձերն իրենց մեջ կրում են ահռելի վտանգներ ողջ մարդկության գոյության համար:










