Գիտնականը պատրաստ է ՀՀ նախագահի հետ պայմանագիր կնքել և աղետի գոտում 400-800 հազար աշխատատեղ ստեղծել
Գիտությունների դոկտոր, հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը պատրաստ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքել ՝ աղետի գոտում արդյունաբերություն զարգացնելու մասին: Լրագրողների հետ հանդիպմանը գիտնականը վստահեցրեց, որ այս պարագայում աղետի գոտում կարելի է 400-800 հազ. աշխատատեղ ստեղծել:
«2008թ-ին նախագահը եղավ Սառնաղբյուրում, տեսավ մեր արևային էներգիայի ստացման տեխնիկան, շատ գովեց, ասաց, որ եթե իմ ասածների 50 տոկոսն էլ կյանքի կոչվի մեծ փոփոխություն կլինի Հայաստանի համար, բայց երևի խորհրդականներին չի բավարարում, նրանք ունեն իրենց անձնական շահերը»,- ասաց նա:
Վահան Համազասպյանը նշեց, որ հելիոֆիկացիայի իրենց խորհուրդը, որն ընդգրկում է աշխարհի հայտնի գիտնականների, երկու տարում կարող է կյանքի կոչել իր ասած ծրագիրը:
«Մի քանի անգամ փորձել եմ Կառավարությունում հարցը բարձրացնել, բայց չեն ցանկանում քննարկել: Ես պատրաստ եմ ինքս ներդրումներ բերել Հայաստան»,- ասաց նա:
Գիտնականի համար զարմանալի է Հայաստանի կողմից որդեգրված արևային էներգիայի զարգացման ծրագիրը, որի համար 40 մլն դոլարի պարտք է վերցվել և ամերիկյան տեխնոլոգիա է ներդրվելու, այն դեպքում երբ Հայաստանում արդեն իսկ արտադրվում է նման տեխնիկա:










