Բրիտանական բանակը «համացանցային մարտիկների» ստորաբաժանում կստեղծի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են Facebook սոցիալական ցանցում աշխատելու համար բանակային ստորաբաժանում ստեղծել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Մասնագետներին կսովորեցնեն զանգվածային գիտակցության վրա ազդեցության հիմնական մեթոդները:
77-րդ ստորաբաժանումը կտեղակայվի Բերքշիր կոմսության Հերմիթեյջ քաղաքում: Ստորաբաժանման մեջ կներառվի 1,5 հազար հատուկ վարժեցված զինվոր, որոնք կանցկացնեն «ոչ մահացու գործողություններ»:
Բրիտանական բանակի ստորաբաժանումն իր աշխատանքը կսկսի 2015 թվականի ապրիլին:
Նշվում է, որ Իսրայելի և ԱՄՆ զինվորականներն արդեն անցկացնում են նման գործողություններ, որոշ պետություններ ունեն ոչ պաշտոնական «համացանցային զորքեր»: Մեծ Բրիտանիայում հատուկ ստորաբաժանման ստեղծումը կապում են Ուկրաինայի վերջին իրադարձությունների, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ:










