Լուսնի վրա երկրային կյանքի հնագույն հետքեր են պահպանվում. գիտնականներ
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պնդում են, որ Լուսնի ենթահողերում կարող են երկրային կյանքի հնագույն հետքեր պահպանված լինել. ինչպես ուսումնասիրություններն են ցույց տվել՝ դրանք կարող են պահպանվել լուսնային լավայում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Ինչպես հայտնի է` կյանքը Երկրի վրա ծագել է մոտ 3.8 մլրդ տարի առաջ, սակայն հայտնի չէ` ինչպես, քանի որ այդ ժամանակվանից ի վեր տեկտոնական ուժերը վերացրել են կյանքի առաջացման հետքերը բնության մեջ:
Ժամանակակից տեսությունների համաձայն` օրգանական միացությունները կարող էին Երկիր ընկնել երկնաքարերի և ասուպների միջոցով, ինչը նշանակում է, որ նման կերպով նրանք կարող էին հայտնվել նաև Լուսնի վրա: Վերջապես, արբանյակի հարաբերական երկրաբանական կայունությունն առավել լավ պայմաններ էր ստեղծում դրանց պահպանման համար, քան Երկրի մակերևույթը:
Գիտնականները փորձերի միջոցով ուսումնասիրել են լավայի և օրգանական միացությունների փոխազդեցությունը: Տարբեր օրգանական միացություններ իրար միացնելով՝ տեղադրել են լուսնային փոշու մեջ և տաքացրել մինչև 700 աստիճան` ըստ Ցելսիուսի:
Ինչպես պարզվել է` Լուսինը բավականին հարմար է երկարատև պահպանման համար. ընդամենը մի քանի տասնյակ սմ երկնաքարի կտորները բավական են մոլեկուլները լավայի կրակից պաշտպանելու համար:










