ԱՄՆ-ն սահմանափակել է արտասահմանցիների նկատմամբ հատուկ ծառայությունների լրտեսումը

12:10 • 04.02.15

Ամերիկյան հատուկ ծառայությունները սահմանափակել են արտասահմանցիների նկատմամբ լրտեսումը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի զեկույցից:

 

Այսուհետ հավաքված տվյալները կվերացվեն պահպանման հինգ տարվա ժամկետից հետո, եթե դրանք չեն վերաբերում երկրի անվտանգությանը: Ավելի վաղ ժամանակային սահմանափակումները չէին վերաբերում օտարերկրյա քաղաքացիների հեռախոսազրույցների և էլեկտրոնային նամակների մասին տվյալներին:

 

Օտարերկրյա քաղաքական առաջնորդներին հետևելու ընթացքում այժմ հաշվի կառնվեն ոչ միայն ԱՄՆ անվտանգության շահերը, այլև դիվանագիտական հարաբերությունների համար հնարավոր հետևանքները: Մեկ տարի առաջ Օբաման խոստացել է, որ բարեկամական երկրների առաջնորդների լրտեսումը կիրականացվի միայն անվտանգության ոլորտում լուրջ սպառնալիքների առաջացման դեպքում:

 

ԱՄՆ-ում հատուկ ծառայությունների ոլորտում հայտարարված բարեփոխումից հետո սկսվել են ավելի քան 70 երկրների և արտասահմանյան կազմակերպությունների լրտեսման ընթացքի ստուգումներ: Սակայն բարեփոխման կարևոր կետերից մեկը դեռ չի իրականացվել: Օբաման 2014 թվականին խոստացել է, որ ամերիկացիների հեռահաղորդակցական տվյալները կպահպանվեն ոչ թե Ազգային անվտանգության գործակալությունում, այլ մասնավոր հեռախոսային ընկերություններում: Մասնագետները բացատրում են, որ այս պահին դա հնարավոր չէ իրականացնել տեխնիկական պատճառներով:

 

ԱՄՆ-ն սահմանափակել է արտասահմանցիների նկատմամբ հատուկ ծառայությունների լրտեսումը