Հայաստանում չինարենի խորացված դպրոցի կառուցման համար տարածք կհատկացվի
Կառավարության որոշմամբ կապամոնտաժվի Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 38.4 քառ մետր մակերեսով կաթսայատունը:
Ինչպես կառավարության նիստին տեղեկացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ տարածքն անհրաժեշտ է Հայաստանում չինարենի խորացված դպրոց ստեղծելու համար:
Նա նշեց, որ Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որում Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար և մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար անհատույց օգնություն:
Ըստ օրենքի նախագծի՝ նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ:










