PayPal-ից և Google-ից հետո այժմ էլ Ղրիմից հեռանում է Amazon-ը
Ամերիկյան Amazon առցանց խանութը հայտարարել է փետրվարի 13-ից Ղրիմում աշխատանքները դադարեցնելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Amazon-ը նամակով զգուշացրել է օգտատերերին գործունեությունը դադարեցնելու մասին: Նամակում ընկերությունը գրել է, որ եթե էջերը չհեռացվեն ինքնակամ, ապա ընկերությունը ստիպված կլինի դա անել պարտադիր կարգով:
Ավելի վաղ Ղրիմից հեռանալու մասին էին հայտնել ինտերնետային հսկա Google-ը և PayPal վճարային համակարգը: Ղրիմում աշխատանքի դադարեցման մասին հայտարարել են նաև Visa և MasterCard վճարային համակարգերը, իսկ Apple-ը սառեցրել է Ղրիմում գտնվող բոլոր ծրագրավորողների հաշիվները:
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որն արգելում է Ղրիմ արտահանել ապրանքներ, տեխնոլոգիաներ և այլ ծառայություններ:










