Չիլիում գտել են ավելի քան 50 տարի առաջ կործանված ինքնաթիռի մնացորդները
Չիլիում հայտնաբերվել են Անդերում 54 տարի առաջ կործանված ինքնաթիռի մնացորդները:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Douglas DC-3 ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել են լեռնագնացները:
Արշավախմբի անդամները հաղորդել են, որ ինքնաթիռի բեկորները գտնվում են 3.200 մետր բարձրության վրա՝ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 360 կմ դեպի հարավ:
Լեռնագնացներից Լեոնարդո Ալբորնոսը հաղորդել է, որ ինքնաթիռի մեծ մասն ամբողջական է մնացել: Նրա խոսքով՝ բեկորների կողքին եղել են զոհերի մնացորդները:
Ինքնաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը գաղտնի է պահվում: «Մենք չենք ցանկանում, որ աղետի վայրը պղծվի»,- ասել է Ալբորնոսը:
Չիլիի LAH ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 1961 թվականի ապրիլի 3-ին: Զոհվել էր 24 մարդ, այդ թվում՝ Չիլիի Green Cross ֆուտբոլային ակումբի 8 խաղացող:










