Samsung-ը նախազգուշացնում է՝ չքննարկել անձնական թեմաներ «խելացի» հեռուստացույցների առաջ

17:18 • 09.02.15

Samsung հարավկորեական ընկերությունը նախազգուշացրել է իր հաճախորդներին ընկերության «խելացի» հեռուստացույցների առաջ խուսափել անձնական տեղեկություններ քննարկելուց, հաղորդում է BBC-ն:

 

Նախազգուշացումը վերաբերում է այն հաճախորդներին, որոնք կառավարում են իրենց Samsung Smart TV-ն՝ օգտագործելով ձայնային ակտիվացումը:

 

Նման հեռուստացույցները «լսում» են իրենց առջև տեղի ունեցող բոլոր խոսակցությունները և կարող են իրենց լսած ցանկացած մանրամասն կիսել Samsung-ի կամ երրորդ կողմի հետ:

 

Նախազգուշացմանը նախորդել է Daily Beast ինտերնետային ամսագրի հոդվածը, որը հրապարակել է ցանցին միացած «խելացի» հեռուստացույցներին վերաբերող Samsung-ի գաղտնիության քաղաքականության մի հատված:

 

Քաղաքականության մեջ բացատրվում է, որ հեռուստացույցները լսում են նույն սենյակում գտնվող մարդկանց խոսակցությունը և փոխանցում ստացած տվյալները երրորդ կողմին՝ հրամաններն առանձնացնելու համար:

 

Արձագանքելով գաղտնիության քաղաքականության շուրջ ծավալված քննարկումներին՝ ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով, թե ինչպես է ձայնի ակտիվացումն աշխատում:

Samsung-ը նախազգուշացնում է՝ չքննարկել անձնական թեմաներ «խելացի» հեռուստացույցների առաջ