«Նորմանդական քառյակի» առաջնորդները վերադարձել են բանակցությունների
Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների բանակցությունները շարունակվում են, հաղորդում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրներին:
Ավելի վաղ լրագրողները տեսել են, թե ինչպես է բանակցությունների սենյակից դուրս եկել սկզբից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, այնուհետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուրի խոսքով՝ նախագահները վերադարձել են բանակցություններին: Նա նշել է, որ Պորոշենկոն, մասնավորապես, դուրս է եկել հեռախոսով զրուցելու:
Բանակցությունների շարունակվելու մասին ria.ru-ին է հայտնել նաև Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
«Մենք շարունակում ենք աշխատել, մենք անդադար աշխատում ենք բոլոր հնարավոր ձևաչափերով»,- ասել է Կլիմկինը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Մինսկում ընթացող բանակցություններին Ռուսաստանի «անընդունելի» պայմանների մասին, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Պորոշենկոն նաև հայտարարել է, որ բանակցություններից «դեռ ոչ մի լավ նորություն» չկա:
«Ցավոք, լավ նորություններ դեռ չկան: Այս պահին ընդհանրապես ոչ մի նորություն չկա: Բայց հույս միշտ կա»,- ասել է նա France-Presse գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկում 14 ժամ տևած «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններն ավարտվել են, և նախատեսվում է բանակցությունների ընթացքում համաձայնեցված փաստաթուղթը ներկայացնել Ուկրաինայի կոնֆլիկտի հարցով կոնտակտային խմբին:










