Այն, ինչ հնչեցնում է Ծառուկյանը, ուղղակի խարխլում է մեր ազգային անվտանգությունը. Գագիկ Մինասյան
Ես ամբողջությամբ կիսում եմ ՀՀ նախագահի ելույթում ներկայացված դրույթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Հատկապես ցանկանում եմ անդրադառնալ ելույթի այն հատվածին, երբ նախագահն ասում է, որ որպես քաղաքացի և տնտեսվարող, եթե պարոն Ծառուկյանը չունի որևէ խնդիր օրենքի նկատմամբ, ապա այստեղ նա ոչ մի խնդիր չի տեսնում: Սակայն այլ խնդիր է, երբ խոսքը գնում է պարոն Ծառուկյանի գործունեության մեջ` որպես քաղաքական գործչի: Այստեղ պետք է լինել բծախնդիր, որովհետև այն որակները, որոնք ունի պարոն Ծառուկյանը, ուղղակի նրան թույլ չեն տալիս, որպեսզի ակտիվորեն զբաղվի քաղաքական գործունեությամբ, որովհետև դա կարող է էական մեծ վնասներ բերել հատկապես, եթե նա ղեկավարում է, ըստ էության, երկրորդ քաղաքական ուժը»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Նա կարծում է, որ առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այդ նույն եզրահանգումները անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը, թե՝ ոչ։
Հարցին, թե նոր պարզ դարձան այդ որակները, չէ որ ԲՀԿ- հետ ՀՀԿ-ն կոալիցիա է կազմել, ասաց. «Մեր շատ գործընկերներ իրենց ելույթներում կոչ են անում լինել ներողամիտ և հանդուրժող: Իհարկե, ներողամիտ և հանդուրժող լինելը դոմինանտ քաղաքական ուժի ամենակարևոր հատկություններից մեկն է և Հանրապետական կուսակցությունը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ և ներողամտությամբ, առանձնացել է խնդիրները քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով լուծելու մոտեցմամբ, սակայն այնքան ժամանակ մինչև դիմացի քաղաքական ուժի գործերը չեն վտանգում մեր ազգային անվտանգությանը: Իսկ այն ինչ անում է պարոն Ծառուկյանի ղեկավարած ուժը, ինչ որ հնչեցնում է պարոն Ծառուկյանը, մասնավորապես՝ իր վերջին վեհաժողովում, դա ուղղակի խարխլում է մեր ազգային անվտանգությունը»:
Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթի սկզբում «հոխորտում էր»՝ ասելով, որ նույնիսկ իշխանությունների անզգույշ խոսքը կբերի նրան, որ նա փողոցներ կհանի հարյուր հազարավոր մարդկանց: «Դա անթույլատրելի է և ուղղակի վտանգ է մեր ազգային անվտանգությանը, շանտաժ է, որը որևէ իշխանություն, որն իր վրա վերցրել է պետության կառավարման ղեկը` իր քաղաքացիների տված մանդատների շնորհիվ, չի կարող հանդուրժել: Իսկ եթե հանդուրժի այդպիսի շանտաժ, դա կնշանակի, որ ինքն ուղղակի տանում է պետությունը դեպի փլուզում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի` Ազատության ռադիոկայանի հետ զրույցում այն ասածին, թե Ադոլֆ Հիտլերը լինելով բավականին կիրթ և ինտելեկտով օժտված անձնավորություն կոտորեց 40 միլիոն մարդ երկրագնդի վրա, Գագիկ Մինասյանն ասաց. «Հավանաբար Ադոլֆ Հիտլերին պարոն Ուրիխանյանն իր կրթական մակարդակով համեմատում է պարոն Ծառուկյանի կրթական մակարդակի հետ, և այդ պարագայում նա թերևս իրավունք ունի այդպես ասելու, սակայն բնական է, որ Ծառուկյանի մակարդակը չափանիշ չէ, որպեսզի Հիտլերի մակարդակը նրանով համեմատվի: Եթե այդպես է, թերևս ավելի ճիշտ կլիներ համեմատվել Ռուզվելտի կամ Չերչիլի մակարդակին, որոնց պատմությունը ստիպել էր, որպեսզի որպես ախոյան հանդես գան Ադոլֆ Հիտլերին և նաև իր կրթական ցածր մակարդակի պատճառով, ինքը տարավ իր ժողովրդին կործանման»:










