Լուսացույցերի լույսերի հաջորդականության փոփոխությունը կնպաստի վթարների քանակի նվազմանը. «Աքիլլես» ՀԿ նախագահ

13:48 • 02.03.15

Մեծ խաչմերուկներում լուսացույցերի ազդանշաններում լույսերի հաջորդականության փոփոխությունը «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խրախուսում է:


Նրա գնահատմամբ, այդ կերպ վթարների թիվը կնվազի, փողոցներում բեռնաթափումը` նույնպես:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասել է, որ դեռ 5 տարի առաջ է առաջարկել Ճանապարհային ոստիկանությանը Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառել «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը:


«Լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդում էր «կանաչ» ազդանշանը: Յոթ ամիս այդ փողոցում ազդանշաններն այդ սկզբունքով են աշխատել, և արդյունքը եղել է դրական, վթարներ չեն գրանցվել: Վթարները հիմնականում հենց այդ ժամանակ են լինում՝ այդ երեք-չորս վայրկյանի ընթացքում, երբ լույսը դեղին է: Հայերը սիրում են դեղին լույսի ժամանակ շարժվել տեղից: Դա հիմնականում ավելի մեծ խաչմերուկներում է արտահայտվում»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ ճիշտ որոշում է Երևանի Գայի պողոտայի խաչմերուկում այդ տարբերակի կիրառումը:


Առավոտյան Հովհանիսյանը եղել է Գայի պողոտայում և արձանագրել, որ լուսացույցերում դեղին լույսի հանումը լուրջ փոփոխություններ է մտցրել: Նա հավաստիացնում է, որ այդ տարբերակը կտրուկ կնվազեցնի վթարների քանակը:


Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվում է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն` լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ: