Պորոշենկոն հաստատել է Դոնբասում խաղաղապահներ մտցնելու մասին երկրի անվտանգության խորհրդի որոշումը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժի մեջ է մտցրել «Ուկրաինայի տարածքում խաղաղության և անվտանգության նպատակով միջազգային առաքելություն տեղակայելու համար ՄԱԿ-ին և ԵՄ-ին դիմելու մասին» 2015 թվականի փետրվարի 18-ին կայացված Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, գրում է korrespondent.net-ը:
Այսօր՝ մարտի 2-ին ստորագրված համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվանից ի վեր:
Նախագահի մամուլի ծառայությունում հիշեցնում են, որ փետրվարի 18-ին կայացած նիստի ժամանակ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է, որ Ուկրաինայի անվտանգության ապահովումը և Դոնբասում ճգնաժամային իրավիճակի անհետաձգելի լուծումը, ինչպես նաև Մինսկի պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման ապահովումը պահանջում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Եվրոպայի խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային առաքելություն տեղակայելու խնդրանքով:










