Ուկրաինայում հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 6.000 մարդ. ՄԱԿ
Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ է դարձել 6 հազարից ավելի մարդ: Այդ մասին ասված է երկուշաբթի օրը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնի տարածած զեկույցում: Բացի այդ, զեկույցի տվյալներով, մոտ 14,8 հազար մարդ վիրավորվել է, գրում է interfax.ru-ն:
ՄԱԿ-ի նյութերում նշվում է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ և զինվորներ սպանվել են միայն վերջին շաբաթների ընթացքում, մասնավորապես՝ Դոնեցկի օդանավակայանի մոտակայքում և Դեբալցևոյի շրջանում: Ռաադ ալ-Հուսեյնը նշել է, որ Ուկրաինայի արևելքում տեղի է ունեցել «մարդկանց և ենթակառուցվածքների անխնա ոչնչացում»:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում պնդում են, որ «վստահության արժանի զեկույցներում» նշվում են ռուսական ծանր զենքի շարունակական մատակարարումների մասին՝ սկսած անցած տարվա դեկտեմբերից:
Ինչպես փետրվարի 17-ին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը, այդ պահի դրությամբ հակամարտության զոհերի թիվը եղել է առնվազն 5.665, վիրավորների թիվը՝ մոտ 14 հազար:










