Լևոն Տեր-Պետրոսյանի ասածին վերաբերվում եմ ոչ թե նորմալ, այլ ըմբռնումով. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ
«Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առան ռեժիմի» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը չի կարծում, որ «Ազատության» հրապարակում երեկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, համաձայն որի՝ իրենք մինչև ապրիլի 24-ը զանգվածային որևէ միջոցառում չեն իրականացնի, կոչ չէ ուղղված նաև իրենց:
«Այդ հայտարարությունը մեզ հետ կամ մեկ այլ ուժի հետ որևէ կապ չունի: Դա միայն իրենց է վերաբերվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ին բոլորին հրավիրում է «Ազատության» հրապարակ՝ սկսելու «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության իրականացումը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի ելույթի մեկ այլ հատվածին, որտեղ վերջինս «գաղտնազերծեց» նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը, ասաց. «Ասվածին վերաբերում եմ ոչ թե նորմալ, այլ ըմբռնումով: Ես չէի ուզենա անդրադառնալ հեգնական այս արտահայտությունը, որն ըստ էության լուրջ քաղաքական դատողություն չէ: Ես ընդամենը մարդկայնորեն ըմբռնումով կվերաբերվեմ, և դա իմ մասնավոր կարծիքն է, որովհետև մենք կոլեգիալ մարմին ենք, բայց սա այն հարցը չէ, որի համար նիստ հրավիրենք ու միասնական դիրքորոշում արտահայտենք: Քաղաքական գործիչ է, հավաքին ելույթ է ունեցել, վերաբերմունք է արտահայտել»:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին ասաց. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»:










