Ուրախ եմ, որ Հայաստանը պատրաստակամ է նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ. Մարտին Շուլցի ուղերձը
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չանեցկին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը խոսեց հայերեն:
«Շնորհակալ ենք ձեր հյուրընկալության համար։ Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի ունիկալ պատմություն ու մեծ մշակութային արժեքներ: Մենք հիշում ենք ձեր ազգի ողբերգության 100-րդ տարելիցը»,- ասաց նա և ապա անցավ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի ուղերձին, որն վերաբերվում էր Բրյուսելում տեղի ունեցած նիստից հետո տեղի ունեցած զարգացումներին, ինչից հետո Ասոցացման համաձայնագրին միացան երեք երկրներ, իսկ մյուսները որոշեցին ԵՄ-ի հետ զարգացումները այլ համատեքստով շարունակել:
Նա խոսեց այն «դրամատիկ» իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, և դրանք որակեց ռուսական կողմից իրականացվող ագրեսիա, որը դատապարտվել է ԵԽ-ի կողմից:
Մարտին Շուլցն իր ուղերձում փոխանցեց, որ ԵՄ անդամ պետությունները վերանայում են Արևելյան գործընկերության շրջանակը: «Արևելյան հարևանության քաղաքականությունը պետք է հաշվի առնի երկրների առանձնահատկություններն ու կարիքները: «Ավելին ավելիի դիմաց, նվազ՝ նվազի դիմաց» մոտեցումը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու և դրանով են պայմանավորվելու օժանդակության ծրագրերը և այդ օգնությունները կլինեն համաչափ այն նվաճումներին, որոնք կիրականացվեն բարեփոխումերի ուղղությամբ»,- ասաց նա:
Մարտին Շուլցն ասաց, թե ուրախ է լսել, որ Հայաստանը պատրաստակամ է ստորագրելու նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչը կնպաստի երկրում բարեփոխումների ընթացքը շարունակելու:
Նա հույս հայտնեց, որ ժողովուրդներին նախընտրելի տարբերակով կկարողանան ուղերձ ուղղել Ռիգայի գագաթնաժողովին:
Ռիչարդ Չանեցկին շարունակեց, որ այս տարին ՀՀ-ի համար շատ կարևոր իրադարձության տարի է: «Ապրիլի 24-ին ողջ հայությունը հյուրերի հետ հիշատակելու է ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը: Ես՝ որպես Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, հպարտ եմ, որ Լեհաստանի խորհրդարանը 2005թ-ին դատապարտել ու ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ Լեհաստանը ընդունելու է նոր բանաձև, որը պետք է քննարկվի ապրիլի 24-ի նախօրյակին:










