Եվրանեսթի վեհաժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը. ուկրաինական պատվիրակության պատասխանը
Եվրանեսթի վեհաժողովում քննարկման է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը նշեց, որ հայոց խորհրդարանը միշտ բարձր է գնահատում նման բանաձևերի ընդունումը:
«Ոչ մի ցեղասպանության հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում, և միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն իրականացրած ոճրագործն ընդունում է իր արարքը, կարելի է արդյունք տեսնել: Թուրքիան սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերով է տարված»,-ասաց Զաքարյանը:
Նա նկատեց, որ ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պայքարի նոր սկիզբ է: «Տպավորություն չլինի, որ Եվրանեսթն այս տարի Հայաստանում է անցնում, դրա համար էլ հայկական պատվիրակությունը ցանկանում է այս բանաձևն ընդունել»,-նշեց Զաքարյանն ու հավելեց, որ այս բանաձևը դեռ նախորդ տարի պիտի ընդունվեր, սակայն տեխնիկական պատճառներով ընդունումը հետաձգվեց:
Նիստը վարող համանախագները նշեցին, որ ԵԺԿ-ն ամբողջությամբ պաշտպանում է այս բանաձևը, և հիշեցրին, որ արդեն ընդունվել է նման բանաձև: Բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվեց միայն ուկրաինական պատվիրակությունը, որի անդամները նշեցին, որ իրենց պատվիրակությունը միանշանակ չի վերաբերում այս հարցին:
Ըստ ուկրաինացիների՝ սա պայմանավորված է ՀՀ-ի պատվիրակության դիրքորոշմամբ՝ չքվեարկել «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևի հարցով: Նշվեց, որ այս ընթացքում զոհեր են եղել նաև Ուկրաինայի կողմից, սակայն հայկական կողմը չի պաշտպանում այս բանաձևը:
Մյուս պատվիրակներն իրենց ելույթում նշեցին, որ կարիք չի լինի սպասել ևս 100 տարի, որ իրերը կոչեն իրենց անուններով:










